Մատչելիության հղումներ

Մարալիկցիները փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով չփակել ծննդատունը


Մի խումբ մարալիկցիներ, հարակից գյուղերի բնակիչներ ու տեղի ծննդատան աշխատակիցներն այսօր չորս ժամից ավելի փակ պահեցին Գյումրի - Երևան միջպետական ճանապարհը՝ Առողջապահության նախարարությունից պահանջելով հետ կանգնել բուժհաստատությունը փակելու որոշումից:

Ճանապարհը բացելու ոստիկանների փորձերը ժամանակ առ ժամանակ վեճի էին վերածվում:

Նախարարությունը հունվարից դադարեցրել է ֆինանսավորել Մարալիկի ծննդատունը՝ հիմնավորելով, թե դրա գործունեության համար անհրաժեշտ է, որ այնտեղ տարեկան առնվազն 150 երեխա ծնվի, իսկ այս բուժհաստատությունում անցած տարի 102 ծնունդ է գրանցել։ Բացի դրանից, ծննդօգնության ծառայությունը չունի մի շարք մասնագետներ, այդ թվում՝ վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, ինչը ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար։ Այդ իսկ պատճառով, շատ ավելի անվտանգ են համարում մոտակա բուժհաստատություն դիմելը։

Ծննդատան աշխատակիցները լսել էին Առողջապահության նախարարության պարզաբանումը ու հակադարձում են:

«150 ծնունդ մենք որտեղի՞ց ունենանք, եթե գյուղերի բնակչությունը քիչ է։ 17 գյուղ սպասարկում է մեր ծննդատունը, մեղկ չի՞ ժողովուրդը, խնդրում եմ, պարոն Փաշինյան, արձագանքեք թող աշխատի, ժողովուրդը մեղկ է, Գյումրին շատ հեռու է գյուղերից», - ասաց ծննդատան աշխատակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցներին լսելու եկած Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շեշտեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ծննդատունը փակել-չփակելու հարցն օրակարգում է. - «Իմ մոտեցումը որպես մարզպետ, հետևյալն է. հնարավորինս այս ծառայությունները, քանի հատկապես մենք ճանապարհի խնդիրը չենք լուծել, մնան, շարունակեն»։

Բողոքավորներին հանդիպեցին նաև Երևանից Մարալիկ մեկնած Առողջապահության նախարարության աշխատակիցները: Հանդիպումն անցավ լարված մթնոլորտում: Հավաքվածները վերջնագիր ներկայացրին՝ պնդելով, որ շարունակելու են աշխատել:

Պետական առողջապահական գործակության պետ Ծաղիկ Վարդանյանը «Ազատության» հարցին, թե արդյո՞ք կա Մարալիկի ծննդատան փակումը հավաստող փաստաթուղթ, պատասխանեց. - «Մենք ծննդատունը չենք փակել։ Մեր մոտ հետևյալ սկզբունքն ա գնում. պետական պատվեր իրականացնող կազմակերպությունները տարվա վերջում տալիս են մյուս տարվա համար հայտ։ Եվ նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովը քննարկում ա։ Էդ քննարկման արդյունքում [ընդունված] որոշման մեջ գրված ա, որ չենք բավարարել հայտը։ Այսինքն ծննդատունը փակելու մասին բան չկա գրված, գրված ա, որ պետական պատվերով տվյալ ծառայությունը չենք իրականացնելու»։

Ծնունդների թիվը կավելացնենք, կատակեցին մարալիկցիները, մնում է մասնագետների համալրումը:

Հիվանդանոցի աշխատակազմի հետ այդ ընթացքում բժիշկներ կապ հաստատեցին՝ ասելով, որ իրենք ցանկանում են աշխատել Մարալիկի ծննդատանը:

«Բժիշկ Մադոյանի որդին, նոր իրա հետ եմ խոսել, ասում ա՝ ես համաձայն եմ, որ գամ ստեղ աշխատեմ գինեկոլոգ, վիրահատող, կեսարյան անող մասնագետ», - հայտարարեց աշխատակիցներից մեկը։

Ի դեպ, Մարալիկի ծննդատունը, թեև այլևս չի ֆինանսավորվում, տարեսկզբից արդեն 3 ծնունդ է ընդունել: Այս հարցն ինչպե՞ս է լուծվելու, քանի դեռ վերջնական որոշում չկա. ծնունդներ ընդունելո՞ւ են, թե՞ ոչ:

Այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան: Բողոքի ակցիայի մասնակիցները զգուշացրին, որ ակցիաները կշարունակեն, մինչև հարցի դրական լուծումը, իսկ նախարարության աշխատակիցները շտապեցին նախ մարզպետարան՝ հարցը քննարկելու, ապա նախարարություն:

Առաջիկա օրերին նախարությունը կհայտնի իր վերջնական դիրքորոշումը:

XS
SM
MD
LG