Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյանը խոստացավ այցելել բնակավայրեր` ներկայացնելու ծննդօգնության ծառայությունների բարեփոխումները


Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արխիվ
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արխիվ

Պոլիկլինիկական ամբուլատոր համակարգի դեպքում ծառայությունները պետք է մաքսիմալ մոտիկ լինեն սպառողներին, քաղաքացիներին, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` խոսելով ծննդօգնության ծառայությունների բարեփոխումների մասին:

Նա նշեց, որ ծննդօգնությունը կարևոր սկզբունք ունի, քանի որ գործ ունենք նորածին երեխայի ու նրան ծննդաբերող կնոջ հետ:

«2018 թվականին մեր ոլորտի մասնագետների կողմից մատնանշվեցին սկզբունքները, թե ինչպիսի ծննդօգնություն մատուցող հաստատություններ մենք պետք է ունենանք: Որոշվեցին կարգերը: Այդ հարցաշարի և սկզբունքների հիման ՀՀ բոլոր բժշկական հաստատությունները, որոնք մատուցում էին ծննդօգնություններ, գնահատվեցին», - ասաց նախարարը` հավելելով, որ եղան հաստատություններ, որոնք այդ կարգերից որևէ մեկին չբավարարեցին իրենց շենքային պայմաններով, կադրային հագեցվածությամբ, ծնունդների թվով և այլն:

Նախարարի խոսքով` այս մեկ տարվա ընթացքում իրենք նաև ուսումնասիրում էին, թե քանի ծնունդ են ունենում ԲԿ-ները: Ըստ նրա` իրենց այս գործողությունները որևէ ֆինանսական օգուտ չեն տալու երկրին. - «Կապ ունեն միայն մանկական և մայրական մահացածության իջեցման և կանխարգելման հետ», - ասաց նա:

Արսեն Թորոսյանը հորդորեց չնենգափոխել իրենց բարեփոխումների նպատակը. - «Մենք որևէ բուժհաստատություն ըստ էության չենք փակում, պարզապես կարգավորում ենք այնտեղ մատուցվող ծառայությունների տեսակները և սկզբունքները, միայն այդ բնակչության շահերից են ելնում մեր բարեփոխումները: Մի քանի կիլոմետր ավել մեքենայով վարելը շատ ավելի քիչ դժվարություն է ներկայացնում, քան մեկ երեխայի կամ մեկ ծննդկանի կյանքը փրկելը», - հայտարարեց նախարարը` ավելացնելով, որ քաղաքացու դեմ չեն, այլ ուզում են, որ քաղաքացին ստանա բարձրորակ սպասարկում:

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ անձամբ է այցելելու որոշ բնակավայրեր` խոսելու բնակիչների ու բուժանձնակազմի հետ, նրանց բացատրելու բարեփոխումների սկզբունքները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մարալիկցիները փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով չփակել ծննդատունը:

XS
SM
MD
LG