«Մենք զորքեր ենք ուղարկում Լիբիա պաշտպանելու օրինական կառավարությանը և ապահովելու կայունություն», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Զորքեր ուղարկելու որոշումը նա կապել է նաև իր երկրի անվտանգության հետ՝ ասելով, թե Թուրքիան կշարունակի օգտագործել դիվանագիտական և ռազմական բոլոր միջոցները իր հարավում կայանություն ապահովելու համար՝ ներառյալ Լիբիան։
Ավելի վաղ նա սպառնացել էր դաս տալ Լիբիայի ապստամբ գեներալ Խալիֆա Հաֆթարին, եթե վերջինս շարունակի հարձակումները օրինական կառավարության վրա:
Երկու օր առաջ Մոսկվայում Լիաբայի առաջնորդների, Թուրքիայի արտգործնախարարի մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունները, ըստ էության, անարդյունք էին ավարտվել:
Գեներալ Հաֆթարը Լիբիա էր վերադարձել առանց հրադադարի համաձայնագիր ստորագրելու։
Լիբիայի հանդեպ Թուրքիայի հետաքրքրությունները պայմանավորած են նաև այդ շրջանի էներգակիրների պաշարներով: Լիբիայի արևելյան շրջանը Միջերկրականին հարող տարածքը հարուստ է գազի էներգակիրներով: Թուրքիան մտադիր է հետազոտել Միջերկրականի այդ շրջանում բնական գազի պաշարները:
«Որոնողական աշխատանքներն ու հորատումները մենք սկսելու ենք որքան հնարավոր է շուտ, 2020 թվականին, այդ տարածքում աշխատելու արտոնագիր ստանալուց հետո», - հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, թե սեյսմիկ հետազոտություններ կատարող թուրքական նավը շուտով ուղարկվելու է գազի հանքավայրի շրջան:
«Միջերկրականում Թուրքիայի ու Լիբիայի միջև ընկած շրջանում իրավական առումով հիմա հնարավոր չէ հետազոտական կամ հորատման աշխատանքներ իրականացնել, խողովակաշարեր անցկացնել, առանց երկու կողմերի թույլտվության», - պարզաբանել է նա:
Անցած նոյեմբերին Անկարան ռազմական և ծովային գործարքների հետ կապված երկու փոխըմբռման հուշագիր է ստորագրել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ ալ-Սարաջի հետ:
Էրդողանը գոհունակությամբ հայտարարել է Միջերկրական ծովում էներգակիրների աղբյուրներին հասնելու Թուրքիայի հաջողությունների մասին՝ ասելով, թե «նրանք ցանկանում էին Միջերկրական ծովում բանտարկել Թուրքիային, բայց այդ խաղը մենք ավարտեցինք թուրքական Կիպրոսի ու Լիբիայի հետ կնքած երկու համաձայնագրով: Թուրքիան նոր բարձունքների կհասնի 2020 թվականին՝ պաշտպանելով իր իրավունքները, մասնավորապես, արևելյան Միջերկրականում՝ նոր դուռ բացելով զարգացման համար»։
Էրդողանը ելույթ է ունեցել անցած տարվա արդունքները ամփոփելու կապակցությամբ: Նրա խոսքերով՝ կառավարության 2019-ի գործողությունների պլանով նախատեսված 1451 ծրագրերից 1161-ը իրականացվել է: Նա նաև տնտեսական մի քանի ցուցանիշներ է ներկայացրել՝ խոստանալով, որ 2020 թվականին Թուրքիայի Համախառան ներքին արդյունքը 5 տոկոս աճ կունենա:
Ինչ վերաբերում է Լիբիայի իրավիճակին, ապա 2011 թվականից ի վեր, երբ սպանվեց այդ երկրի երկարամյա ղեկավար Մուամար Քադաֆին, Լիբիայում, ըստ էության, երկիշխանություն է։ Արևելայն շրջանում հաստատվել է գեներալ Խալիֆա Հավթարի վարչակազմը:
Նրա ստորաբաժանումների ու Ազգային համաձայնության կառավարության զորքերի միջև բախումները չեն դադարում: