Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Դատախազությունը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ Սարգսյանի պաշտպանի բողոքը։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նախկին նախագահի գույքի վրա ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով կալանք դրել էր Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)՝ մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու քրեական գործի շրջանակում:

Պաշտոնաթող նախագահի գործով նախաքննությունն ավարտվել է տարեսկզբին: Ձեռք բերված ապացույցները ՀՔԾ-ն բավարար է համարել` մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար։

Սերժ Սարգսյանին մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար ՀՔԾ֊ն մեղադրանք առաջադրեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Երրորդ նախագահը մեղադրանքը չի ընդունում: Նրա փաստաբանն ու կուսակիցները բարձրաձայնում են քաղաքական հետապնդման մասին:

Նույն գործով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու համար մեղադրանք է առաջադրվել նաև «Ֆլեշ» ընկերության նախագահ, Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին, վերջինիս նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Բեգլարյանը նույնպես մեղադրանքը չի ընդունում։

Ավելի վաղ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու պաշտպանների բողոքը ևս մերժվել էր:

Բողոքի հիմքում դրվել էր Հայաստանի պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից: