Քանի ճանապարհ ուզում է, փակեն, կա սկզբունք. Թորոսյանը՝ ծննդատների փակման մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիս է տալիս, Երևան, 14-ը հունվարի, 2020թ.

Տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները, ծննդաբերական բաժանմունքները կփակվեն։ Առողջապահության նախարարությունն այսպիսի որոշում է կայացրել ծննդաբերական բաժանմունքների գնահատումից հետո:

Թերծանրաբեռնված, առանց անհրաժեշտ մասնագիտական ու տեխնիկական ծառայությունների ծննդատները պետք է չլինեն՝ մոր ու մանկան կյանքը չվտանգելու համար: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ սա ոչ թե իր որոշումն է, այլ սկզբունքը. - «Պատկերացրեք մի ծննդատուն, որտեղ չկա վիրահատարան, ծննդաբերության ժամանակ հրատապ անհրաժեշտություն է առաջանում կեսարյան հատման: Ի՞նչ է անելու այդ ծննդատունը: Կարո՞ղ եք ինձ պատասխանել»:

Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման էր եկել քարտեզներով՝ հիմնավորելու, թե փակվող բաժանմունքների փոխարեն քանի րոպեում կարելի է մոտակա բարձրակարգ հիվանդանոց հասնել: Փակվող ծննդատների թվում են Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Արծվաբերդի, Եղվարդի, Ծաղկահովիտի, Քաջարանի բաժանմունքները: Հենց այս հասցեներում մի քանի օր է, բողոքի ակցիաներ են։ Եղվարդի ծննդաբերական բաժանմունքը նախորդ տարի 136 ծնունդ է ընդունել, բայց նախարարության չափորոշիչին հասնելու համար պետք էր 150-ը: Մանկաբարձ Ռուզաննա Մկրտչյանն ասում է՝ իրենք ի՞նչ անեն, ինչպե՞ս ծնունդները խթանեն:

«Դա կախված է սոցիալական պայմաններից մարդկանց, դա կախված է ազատ մարդկանց ընտրելու իրավունքից, կախված է արտագաղթից, մեզնից ոչինչ կախված չէ», - նկատեց նա:

Երկու օր է՝ Եղվարդի ծննդատան փակման առթիվ ակտիվ բողոքում են հատկապես եղվարդցի տղամարդիկ. - «16 հատ թոռ եմ էստեղ ունեցել, 16 հատ էլ ծոռ», - ասաց տղամարդկանցից մեկը:

«Ես 3 հատից ավել չեմ կարում ունենամ, բերեք, պահեք, ունենամ», - ասում էր մյուսը:

Նրանց բողոքի հետքերով այսօր բուժհաստատություն էր եկել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա նախ հորդորեց ակցիաները դադարեցրել, «ով է ասում, որ փակվում է»: «Քաղաքական որոշումն այն է, որ ծննդատունը պիտի մնա ու գործի, մնացած որոշումներն արդեն ընթացակարգային են», - ասաց նա:

Մարզպետը շեշտեց՝ առողջապահության նախարարի մոտեցումը, որ բուժսպասարկումը պետք է որակյալ լինի, ողջունում է, բայց նախարարն, ըստ մարզպետի, ամեն ինչ չէ, որ գիտի. - «Կան դետալներ, կան տարածաշրջանային լոկալ խնդիրներ, որոնք նախարարը պարտավոր չէ տիրապետել այն խորությամբ, ինչ խորությամբ կարող է տիրապետել մարզպետը: Եվ ահա այդտեղ է, որ մեր կոնսենսուսն, այսպես ասեմ, կայացավ, և օրինաչափ է, որ նախարարը, նկատի առնելով այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնում են իր գործընկերները, իր որոշումը վերանայի կամ պարզապես վերափոխի», - հայտարարեց Ռոմանոս Պետրոսյանը:

Հավաքվածներն այս պատասխանը համարեցին հաղթանակ ու բավարարված հեռացան. - «Դե պիտի բողոքենք, որ արդյունք տա, որ ձեններս կտրենք, արդյունք պիտի տա՞»:

Առողջապահության նախարարը հաստատում է՝ բաժանմունքների փակման հարցը դեռ մի քանի օր էլ կքննարկեն, չի բացառում, որ Եղվարդի ու Մարալիկի ծննդատները, եթե լուծեն եղած խնդիրները՝ նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ, ինտենսիվ թերապիայի սենյակ, այլ նվազագույն պահանջներն ապահովեն, կշարունակեն գործել:

«Մենք հիմա քննարկում ենք՝ արդյոք արժե «Նաիրի» բժշկական կենտրոնին, այպես ասած, ևս ինչ-որ ժամանակով մորատորիումի նման ինչ-որ մի բան անել, որ հասկանանք՝ իրենք ի վերջո 150-ի կձգտեն, կհասնեն, թե չէ: Նմանատիպ բանակցություններ վարվում են նաև մյուսների հետ, որոնք ռեալ հնարավոր է, որ այդ մինիմալին հասնեն, որովետև օրինակ՝ 10 ծնունդ ընդունողի հետ մենք բանակցություն վստահաբար չենք կարող տանել, բայց 100-ին մոտ, 100-ից բարձրների հետ կարող ենք տանել, բայց նորից եմ կրկնում, դա առնվազն պետք է լինի պահանջ պայմանների կատարմամբ ու ոչ միայն թվով, որովհետև եթե չկա վիրահատարան, եթե չկա ինտենսիվ թերապիա, եթե չկա նույնիսկ անեսթեզիոլոգ ծննդատանը, ապա դրա մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի ճանապարհ ուզում է՝ փակեն: Դա սկզբունք է, որը մեր քաղաքացիների առողջությունը պաշտպանելուն է միտված և վերջ», - հայտարարեց նախարարը:

Արսեն Թորոսյանը չի կարծում, որ ծննդատների փակումը ծնելիության թվերի վրա կանդրադառնա: Ծնունդներն, ըստ նրա, պետք է ավելանան պատշաճ բուժօգնությամբ ու նպատակային ծրագրերով: Ի դեպ, նրա տվյալով նախորդ տարի ծնելիության վիճակագրությունը բարելավվել է, ծնունդների թիվը, սակայն, ոչ թե ավելացել է, այլ պակասել է ավելի քիչ՝ 700-ով։

«Անկման տեմպն ավելի ցածր է, քան 17-18 անկման տեմպը, 17-18 մենք ունեցել ենք մինուս հազար ծնունդ, 18-19-ը մենք ունեցել ենք մինուս 700 ծնունդ», - հայտնեց նա:

Առողջապահության նախարարությունում հորդորում են ծննդաբերական բաժանմունքի աշխարհագրական դիրքի վրա շատ չկենտրոնանալ, քարտեզներով մոտակա առաջնակարգ հիվանդանոցների տեղը մատնանշելուց բացի, նաև տեղեկացրին՝ ծննդաբերությունը տևում է 10 ժամից ոչ պակաս։