Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն Ազգային ժողովում հանդիպել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Ավելի քան երեք ժամ տևած փակ քննարկման օրակարգում, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ, պաշտպանական գերատեսչությունում իրականացվող և սպասվող փոփոխություններն էին, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։
«Խորհրդապահական, փակ գաղտնի ռեժիմով էր [հանդիպումը], որ մենք կարողանանք բազմաթիվ հարցեր քննարկել կախված Հայաստանի անվտանգության խնդիրների հետ։ Այսօր Պաշտպանության նախարարի հետ քննարկել ենք նախարարությունում իրականացվող փոփոխությունները, ապագա բարեփոխումների օրակարգը, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների հետ կապված բազմաթիվ հարցեր», - հանդիպումից հետո լրագրողներին ասաց Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստանը» տարին սկսել է անվտանգության ոլորտի կառույցների ղեկավարների հետ հանդիպումներով: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները տոներից հետո արդեն փակ հանդիպումներ են ունեցել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ:
Մարուքյանի խոսքով, ինչպես նախորդ հանդիպումների, այնպես էլ Պաշտպանության նախարարի հետ հանդիպման համար հրատապ առիթ չկա. - «Որևէ հրատապ, անհանգստացնող բան չկա, եթե լինի, կարծում եմ, դրանով զբաղվող կառույցներ կան։ Բոլորիս գործն այն է, որ այնպես անենք, որ ավելի ուժեղ լինենք, բոլորս պետք է մի մարդու պես կենտրոնացած լինենք մեր երկիրը հզորացնելու գործի վրա։ Տնտեսությունից սկսած, որի վրա հենված կլինի ուժեղ բանակ։ Սա է մեր տեսլականը։ Բնականաբար, մեր օրենսդրական գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր ունենք, որ ուզում ենք այդ հարցերը անմիջական գերատեսչությունների ղեկավարների հետ ճշտել, հասկանալ, մեր մոտեցումները ներկայացնել, լսել իրենց մոտեցումները, որը, բնականաբար, ազդելու է մեր օրենսդրական գործունեության վրա»։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին լրագրողների հետ երկար չշփվեց, բայց անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 10-ի ֆեյսբուքյան գրառմանը։ Փաշինյանը գրել էր, որ 2019 թվականին հայկական բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել: Փաստերի ստուգման հարթակը, սակայն, Հայաստանի և Արցախի զինված ուժերում զոհերի վիճակագրություն պարունակող տարբեր աղբուրներ էր համադրել և եզրակացրել, որ եղել են տարիներ, երբ բանակում զոհերի թիվը եղել է 2019 թվականին արձանագրված 49-ից ցածր: Մասնավորապես, 2013-ին գրանցվել է 31 մահացության դեպք, 2014 թվականին՝ 45: Զոհերը բանակում քիչ են եղել նաև 2003 -2007 թվականներին:
Սակայն Դավիթ Տոնոյանը վերահաստատեց վարչապետի գրառումը՝ պարզաբանելով. - «Հաշվարկման համակարգի խնդիր կա. ինչն է հաշվարկվել նախկինում, ինչն է հաշվարկվում հիմա. Հիմա ամբողջությամբ բոլոր դեպքերը հաշվարկվում են»։