«Աններելի սխալ». այսօր Թեհրանում հնչեցրած ելույթում այսպես է բնութագրել հունվարի 8-ին հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ուկրաինական «Բոինգի» կործանումը Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Անմիջապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ավիավթարի պատճառը ցավալի և աններելի այդ սխալն է, ես հրահանգեցի բոլոր պատասխանատու պաշտոնյաներին, հրապարակայնացնել այդ տեղեկատվությունը և կատարվածի մասին տեղեկացնել ժողովրդին: Տեղի ունեցածը շատ ծանր միջադեպ է, և մարդկանց շատ դժվար է համակերպվել տեղի ունեցածի հետ: Անգամ եթե վթարի պատճառները տեխնիկական լինեին, միևնույն է այդ ամենն ընդունելը շատ դժվար էր լինելու: Բայց երբ հաստատվեց, որ տեղի ունեցածի պատճառը մարդկային սխալն էր, հանրության վիշտն է՛լ ավելի խորացավ», - հայտարարել է Իրանի նախագահը:
Այսօրվա իր ելույթում Հասան Ռոհանին կոչ արեց պատժել տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորներին՝ նշելով, որ ճիշտ չի լինի մեղքը բարդել բացառապես հակաօդային պաշտպանության ուժերի զինծառայողների ուսերին. - «Հարկավոր է հատուկ դատարան ստեղծել, որը կքննի ուկրաինական «Բոինգի» վթարի բոլոր հանգամանքները: Դատական այդ ատյանի կազմում պետք է ընդգրկվեն փորձառու դատավորներ և փորձագետներ»:
Իրանի նախագահի ելույթին զուգահեռ հայտարարությամբ հանդես եկավ Իրանի արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գոլամհոսեյն Էսմաիլին` նշելով, որ ավիավթարի գործով առաջին ձերբակալվածները կան:
Իրանի պետական հեռուստատեսության տեղեկություններով, այսօր առավոտյան հունվարի 8-ի ավիավթարի հետաքննության առաջին արդյունքները Թեհրանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկել են իրանցի, կանադացի և ուկրաինացի պաշտոնյաները: Իրանական հեռուստատեսությունը սակայն որևէ հավելյալ մանրամասն այս հանդիպման մասին չի հաղորդում:
Պաշտոնական շրջանակներից հնչող այս հայտարարություններին ու հաղորդագրություններին նախորդեցին Թեհրանում և երկրի մի շարք այլ խոշոր քաղաքներում տեղի ունեցած բողոքի գործողությունները: Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ բողոքի ակցիաների հիմնական կենտրոնները իրանական համալսարաններն են, որտեղ հնչող կարգախոսները գրեթե բացառապես հակակառավարական բնույթ ունեն:
Թեհրանի Շարիֆ համալսարանի ուսանողները, օրինակ, երկուշաբթի օրը կայացած ցույցի ժամանակ վանկարկում էին` «Մեր առաջնորդը անամոթ է և սրիկա», «Երկրի փրկությունը հանրաքվեն է»:
Իրանի արդարադատության նախարարության տեղեկություններով, հունվարի 11-ից ի վեր երկրի իրավապահները «անօրինական հավաքներին մասնակցելու համար շուրջ 30 մարդ են ձերբակալել»:
Հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել էին Թեհրան - Կիև չվերթն իրականացնող «Միջազգային ուկրաինական ավիաուղիների» օդանավի 176 ուղևորներն ու անձնակազմի անդամները:
Զոհերից 57-ը Կանադայի քաղաքացիներ էին։ Դա է պատճառը, որ պաշտոնական Օտտավան ակտիվորեն ներգրավված է ավիավթարի հետաքննության գործում: Դրա հետ մեկտեղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկուշաբթի երեկոյան հեռարձակված հարցազրույցում արձանագրել էր, որ անմեղ զոհերը նաև Իրանի շուրջ ծագած լարվածության հետևանք էին:
«Ես կարծում եմ, որ եթե տարածաշրջանում լարվածություն, այդ լարվածության աճ չլիներ, Կանադայի այդ քաղաքացիները այսօր տանը կլինեին, իրենց ընտանիքների կողքին: Սա մի իրողություն է, որ արձանագրվում է հակամարտությունների ժամանակ` տուժում են անմեղ մարդիկ», - նշել է Թրյուդոն` ցավով արձանագրելով, որ տարածաշրջանային լարվածության աճի հանգեցրած քայլի` գեներալ Քասեմ Սուլեյմանիի դեմ ամերիկյան գործողության մասին Կանադային իշխանությունները հետին թվով են տեղեկացվել: - «Մեծ խնդիրներում մենք փորձում ենք որպես միջազգային հանրություն գործել: Բայց երբեմն պետությունները քայլերի են դիմում առանց դաշնակիցներին տեղյակ պահելու: Արդյո՞ք կգերադասեինք, որ մեզ տեղեկացնեին այդ գործողության մասին։ Միանշանակորեն` այո»: