Մատչելիության հղումներ

Թեհրանն ընդունեց, որ խոցել է Boeing-ը. Կիևն ակնկալում է փոխհատուցում


Կործանված Boeing-ի բեկորները, Իրան, 8-ը հունվարի, 2020թ․
Կործանված Boeing-ի բեկորները, Իրան, 8-ը հունվարի, 2020թ․

Եռօրյա համառ ժխտումներից հետո Իրանի իշխանություններն այսօր ի վերջո ստիպված եղան խոստովանել` հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի մերձակայքում վթարված ուկրաինական «Բոինգը» կործանվել է երկրի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների հետևանքով:

Առաջինն այդ մասին այսօր առավոտյան հայտարարեց Իրանի Զինված ուժերի հրամանատարությունը: Բանակային հրամանատարության այդ հայտարարությունը ընթերցվեց Իրանի պետական հեռուստատեսության եթերում:

Իրանի Զինված ուժերի ղեկավարությունը պնդում էր, որ ուկրաինական օդանավը իր զինծառայողների կողմից սխալմամբ «թշնամական թիրախ» է համարվել, երբ հայտնվել է երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «ռազմական կենտրոններից» մեկի անմիջական հարևանությամբ:

Օրվա երկրորդ կեսին Թեհրանում հրավիրված հատուկ ասուլիսի ընթացքում կատարվածի առթիվ իր խորին ափսոսանքը հայտնեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիացիոն ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:

«Ամերիկյան ռազմաբազաների դեմ հրթիռային հարվածների իրականացումից հետո ես երկրի արևմուտքում էի, երբ լսեցի ուկրաինական օդանավի կործանման մասին սարսափելի լուրը: Երբ մենք հստակ տեղեկություններ ստացանք, թե ինչ է տեղի ունեցել, ես միայն մեկ ցանկություն ունեի` մահանալ: Ես կգերադասեի մեռնել, բայց նման դեպքի ականատեսը չդառնալ», - հայտարարել է գեներալ Հաջիզադեն:

Զինվորականների հայտարարությանը զուգահեռ տեղի ունեցածին սկսեցին անդրադառնալ նաև Իրանի քաղաքացիական իշխանությունները:

Twitter-ում գրառում կատարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին` ևս ընդունելով, որ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական օդանավը կործանվել է «մարդկային սխալի հետևանքով արձակված հրթիռի հարվածից»:

«Տեղի ունեցածն աններելի սխալ էր և սարսափելի ողբերգություն», - նշել է Ռոհանին` խոստանալով, որ Իրանի իշխանությունները պատասխանատվության կենթարկեն բոլոր մեղավորներին:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ինչպես և նախագահ Ռոհանին, Twitter-ում արված գրառման միջոցով հաստատեցին, որ «Միջազգային Ուկրաինական ավիաուղիների» օդանավը կործանվել է իրանական հակաօդային պաշտպանության ուժերի գործողությունների հետևանքով: Դրա հետ մեկտեղ, սակայն, Զարիֆը պնդում է, որ ողբերգությունից հնարավոր կլիներ խուսափել, եթե չլինեին Վաշինգտոնի գործողությունները:

«Այսօր տխուր օր է: Հրապարակվել են Զինված ուժերի ներքին հետաքննության առաջին արդյունքները: Մարդկային սխալը, որ թույլ է տրվել Միացյալ Նահանգների կողմից հրահրված արկածախնդրության հետևանքով ծագած ճգնաժամի ընթացքում, հանգեցրել է աղետի», - նշել է Զարիֆը:

Ուկրաինայի իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ Թեհրանից ակնկալում են ոչ միայն մեղքի լիակատար ընդունում, այլև դրամական փոխհատուցում: Նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը այսօր կեսօրին տեղադրվել է Ուկրաինայի ղեկավարի պաշտոնական կայքում:

«Իրանը ուկրաինական օդանավի կործանման հարցում ընդունել է իր մեղքը, բայց մենք պնդում ենք, որ Թեհրանը դա անի լիարժեքորեն», - նշել է Զելենսկին՝ մանրամասնելով, - «Ակնկալում ենք, որ Իրանը թափանցիկ և ամբողջական հետաքննություն անցկացնելու պատրաստակամություն կհայտնի, դատական պատասխանատվության կենթարկի այն բոլոր անձանց, որոնք պատասխանատու են տեղի ունեցածի համար, կվերադարձնի զոհերի մարմինները և պաշտոնապես ներողություն կխնդրի կատարվածի համար: Բացի այդ մենք ակնկալում ենք, որ Թեհրանը փոխհատուցում կվճարի կատարվածի համար», - նշել է Ուկրաինայի նախագահը:

XS
SM
MD
LG