Լիբիայի հարցով մոսկովյան բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ողջունում է Մոսկվա ժամանած գեներալ Խալիֆա Հաֆթարին, 13-ը հունվարի, 2020թ.

Ռուսաստանին և Թուրքիային չի հաջողվել առաջընթացի հասնել Լիբիայի ներքաղաքական ճգնաժամի հարցում: Ժամեր շարունակված բանակցություններից հետո՝ երեկ ուշ երեկոյան, ապստամբների առաջնորդ, գեներալ Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան՝ առանց հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրելու:

Հաֆթարից բացի Մոսկվա էր ժամանել նաև աֆրիկյան այդ պետության վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջը:

Հակամարտող կողմերը դեմ առ դեմ չէին հանդիպել, սակայն նրանց պատվիրակությունները դռնփակ բանակցել էին՝ Ռուսաստանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետների ներկայությամբ:

Չնայած ձախողված այս փորձին՝ Անկարան և Մոսկվան հայտարարել են, թե կշարունակեն միջնորդական ջանքերը:

Լիբիայում երկիշխանություն է 2011-ից՝ երկարամյա առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից ի վեր: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ երկրի արևելյան շրջաններում ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Հաֆթարի առաջնորդությամբ: