Հունվարի 19-ին Բեռլինում կկայանա Լիբիայում խաղաղ կարգավորմանը նվիրված քառակողմ համաժողով, որին Գերմանիայի դաշնային կանցլերից բացի, կմասնակցեն նաև Իտալիայի վարչապետը, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները:
Այսօր Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը` նշելով, որ Անկարայի գլխավոր նպատակը Լիբիայում հաստատված հրադադարին մշտական բնույթ հաղորդելն է:
Հիշեցնենք, Մոսկվայում այսօր մեկնարկում են բանակցությունները Լիբիայի հակամարտող երկու կողմերի միջև:
Բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա են ժամանել ՄԱԿ-ի կողմից ճանաչված լիբիական կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սարաջը և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բենգազիում տեղակայված «Լիբիական ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարը:
Լիբիայում շուրջ 10 տարի է` նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգը առաջնորդում է գեներալ Հաֆթարը: