Թեհրանը մերժում է համագործակցության Թրամփի առաջարկը՝ նոր պատժամիջոցների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Թեհրանը մերժում է Վաշինգտոնի համագործակցության առաջարկը՝ ամերիկյան կառավարության կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչը:

«Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին հայտարարությունների ֆոնին Թրամփի առաջարկը վստահություն չի ներշնչում», - ըստ իրանական պետական աղբյուրների, ասել է դիվանագետը, հավելելով, որ Վաշինգտոնն է «նախաձեռնել Իրանի հետ թշնամանքի և լարվածության նոր ալիքը»՝ սպանելով իրանցի գեներալին:

Սա պաշտոնական Թեհրանի առաջին արձագանքն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։

Երեկ ուշ երեկոյան Սպիտակ տան ղեկավարը հատուկ ելույթ է ունեցել՝ հստակեցնելով Վաշինգտոնը դիրքորոշումը Իրանի հարցով: Թրամփի այդ ուղերձը փորձագետները գնահատում են որպես նահանջ կամ Իրանի հետ երկխոսելու ևս մեկ հնարավորություն:

ԱՄՆ նախագահի ելույթը, հիշեցնենք, հաջորդել է Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերի, ինչպես նաև մի շարք այլ ռազմական օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածներին:

Ինչպես երեկ հայտարարում էր Դոնալդ Թրամփը՝ Թեհրանի արձակած տասնյակ հրթիռների հարվածներից ամերիկացի զինվորականների շրջանում զոհեր չկան, վնասներն էլ նվազագույն են: «Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի վնասվել երեկ գիշեր Իրանի ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել», - նշում էր նա։

Ելույթ ունենալով Վաշինգտոնի և Թեհրանի միջև աննախադեպ լարվածության հարցով, որը վերջին օրերին վերածվել էր Իրաքում ռազմական առճակատման, Թրամփն, այդուհանդերձ, Իրանի իշխանությունների հետ համագործակցության առաջարկ հնչեցրեց, շեշտելով, սակայն, որ մինչ այդ Թեհրանը պետք է փոխի իր վարքագիծը, հրաժարվի միջուկային հավակնություններից: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ամերիկյան կառավարությունը նոր՝ ավելի ցավոտ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում, ինչպես ԱՄՆ նախագահն է բնորոշել՝ «միջազգային ահաբեկչությունը հովանավորող Իրանի նկատմամբ, որը միջուկային զենք ստեղծելու իր ձգտմամբ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար»: «Մենք դա երբեք թույլ չենք տա։ Քանի դեռ ես Միացյալ Նահանգների ղեկավարն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա», - հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Անցյալ շաբաթ մենք անցանք վճռորոշ գործողությունների, որպեսզի թույլ չտանք ահաբեկիչներին հետագայում ևս վտանգել ամերիկացիների կյանքը: Իմ հրամանով ամերիկացի զինվորականները ոչնչացրին Քասեմ Սուլեյմանիին՝ աշխարհի ամենամեծ ահաբեկիչներից մեկին, ով անձամբ պատասխանատու է ամենասարսափելի հանցագործությունների համար», - ասել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ հենց իրանցի գեներալ Սուլեյմանին էր կազմակերպել Բաղդադում Ամերիկայի դեսպանատան դեմ դաժան հարձակումը և շարունակում էր նորանոր հարձակումներ ծրագրել: «Բայց մենք կարողացանք կանգնեցնել նրան: Նրա ձեռքերը թաթախված էին և՛ ամերիկացիների, և՛ իրանցիների արյան մեջ», - հայտարարել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Մերձավոր Արևելքի գործընթացներում։

Դիմելով Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և Չինաստանին, որոնք, ի տարբերություն Վաշինգտոնի, շարունակում են հավատարիմ մնալ Իրանի հետ կնքված միջուկային գործարքին, Թրամփը հորդորել է ընդունել նոր իրողություններն ու վերանայել իրենց դիրքորոշումը Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքի հարցում: «Մենք պետք է աշխատենք, որպեսզի հասնենք Ւրանի հետ այնպիսի մի համաձայնագրի, որն աշխարհը կդարձնի ավելի անվտանգ», - ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը և հատուկ շեշտել՝ այդ համաձայնագիրը պետք է նաև Իրանին հնարավորություն տա բարգավաճելու և զարգացնելու իր ներուժը. - «Իրանը կարող է լինել հրաշալի երկիր, սակայն Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն չի լինի, քանի դեռ Իրանին թույլատրվում է հրահրել բռնություններ, ահաբեկչություն, պատերազմ»։

Այդքանով հանդերձ, Դոնալդ Թրամփը հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության։ «Դիմում եմ Իրանի ժողովրդին՝ մենք ցանկանում ենք, որպեսզի դուք ունենաք հրաշալի ապագա, որին դուք արժանի եք՝ բարեկեցիկ, աշխարհի ազգերի հետ խաղաղ գոյակցելով», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Միացյալ Նահանգների նախագահի՝ Մերձավոր Արևելքում լարվածությունն ակնհայտորեն թուլացնող ուղերձից հետո միջազգային շուկաներում նավթի գնանկում արձանագրվեց: Մասնավորապես, Նյու Յորքի բորսայում «Տեքսասյան թեթև նավթատեսակ» անվամբ հումքի մեկ բարելի գինը 3 դոլար 9 սենթով է նվազել և հասել 59 դոլար 61 սենթի, «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելի գինը 2 դոլար 83 սենթով է նվազել և հասել 65 դոլար 44 սենթի: