Ներկայացուցիչների տունը կփորձի սահմանափակել Թրամփի իրավունքը պատերազմի հարցում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսի, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը պետք է քվեարկությամբ սահմանափակի Իրանին ռազմական հարվածներ հասցնելու հարցում նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորությունները:

Կոնգրեսականների փոխանցմամբ` նրանց չի բավարարել բարձրաստիճան իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիին ոչնչացնելու վերաբերյալ Սպիտակ տան ներկայացրած պարզաբանումը:

Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ բանաձևի ընդունումը նախատեսված է հունվարի 9-ին:

Բանաձևի արդյունավետությունն իրավունքի առումով վիճահարույց է: Այն, ամենայն հավանականությամբ, կընդունվի, քանի որ Կոնգրեսի այդ պալատում դեմոկրատները մեծամասնություն ունեն:

Նրանք պնդում են, որ բանաձևը համապատասխանում է 1973 թվականի պատերազմի վարման դաշնային օրենքին, և եթե այն հաստատվի նաև Սենատում, ապա պարտադիր ուժ կունենա:

Հանրապետականների պնդմամբ՝ բանաձևի վավերացում նախագահի կողմից չի պահանջվում, հետևաբար՝ այն չունի դաշնային օրենքի կարգավիճակ:

Դաշնային դատարանները երբեք այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում չեն հայտնել:

Սենատում հանրապետականներն ունեն մեծամասնություն, հետևաբար՝ բանաձևի ընդունումը Կոնգրեսի այդ պալատում հավանական չէ: