Թուրք զինվորականների տեղակայումը Լիբիայում մեկնարկել է, կիրակի երեկոյան CNN Turk հեռուստաընկերության եթերում այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրք զինվորականներն այժմ համակարգում են Լիբիայում իրականացվող գործողությունները: Այնտեղ հատուկ օպերատիվ կենտրոն է ստեղծվելու, որ կղեկավարի թուրքական բանակի գեներալներից մեկը: Թուրք զինվորականներն այս պահին ուղևորվում են Լիբիա», - հայտարարում էր Էրդողանը` նշելով, սակայն, որ Լիբիայում ծավալված մարտերին թուրքական բանակի ուղղակի մասնակցության մասին առայժմ խոսք չկա:
Էրդողանը նաև նշել է, որ թուրքական դրոշի տակ հանդես եկող ստորաբաժանումները թուրքական բանակի զինծառայողներով համալրված չեն: Ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Լիբիա ուղևորվող թուրքական ստորաբաժանման կազմում ընդգրկվելու են մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկները, կան Սիրիայի զինված ընդդիմության որոշ ներկայացուցիչներ:
Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում նախագահ էրդողանին արտոնել էր 1 տարով թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա՝ տեղի կառավարությանն աջակցելու: