Միջազգային մի շարք գերտերություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը խորը մտահոգություն են հայտնել Լիբիա զորք ուղարկելու և տեղի ներքաղաքական պատերազմին միջամտելու՝ Թուրքիայի որոշման կապակցությամբ:
ԱՄՆ նախագահ Թրամփը, ըստ Սպիտակ տան, երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդի հետ՝ զգուշացնելով՝ «արտաքին միջամտությունն էլ ավելի է բարդացնելու իրավիճակը»:
Մինչ այդ՝ երեկ ուշ երեկոյան, Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում նախագահ էրդողանին արտոնել էր 1 տարով թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա՝ տեղի կառավարությանն աջակցելու:
Աֆրիկյան այդ երկրում 2011 թվականից՝ առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից ի վեր, երկիշխանություն է: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող իշխանություններին զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի առաջնորդությամբ: