Ապօրինի որդեգրումների գործով բոլոր մեղադրյալներն ազատ են արձակվել

Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրհամյան

Ապօրինի որդեգրումների քրեական գործով հինգ մեղադրյալներն էլ դատարանների կողմից ազատ են արձակվել։

Նրանցից ոչ մեկի նկատմամբ որպես խափանման միջոց չի ընտրվել կալանքը։ Ավելին, Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրհամյանը, ով ամենածանր հոդվածներով էր մեղադրվում, ազատ է արձակվել առանց գրավի։

Նա, ըստ Քննչական կոմիտեի, մեղադրվում է ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, ընդ որում՝ երկու և ավելի երեխաների նկատմամբ։ Նրան առաջադրվել է նաև առևտրային կաշառքի մեղադրանք։

Դատարանը Ռազմիկ Աբրահամյանի, նաև Մանկան տան տնօրենի ձերբակալությունը համարել էր ոչ իրավաչափ, ապօրինի։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը շեշտում է, որ դատարանի որոշումները մեկնաբանել չեն կարող՝ հավելելով, որ ձեռք բերված ապացույցները բավարար են նրանց մեղադրանք առաջադրելու համար. - «Բավարար ապացույցների համակցության հիման վրա է վերջիններիս մեղադրանք առաջադրվել, և նրանց մեղավորությունը փորձել կասկածի տակ դնել, դա տեղին չէ։ Որովհետև լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ հիշյալ գործողություններին նրանց անմիջական մասնակցության վերաբերյալ»։

Դատարանը Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու քննիչի միջնոդությունը մերժել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրհամյանը տեղեկացրեց, որ այսօր վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ. - «Ուսումնասիրելով միջնորդությունը, ինչպես նաև դատական ակտը, որը կայացվել էր կոնկրետ Ռազմիկ Աբրահամյանի հետ կապված՝ պարզվել է, որ հիմնավոր կասկածն առկա է, և Ռազմիկ Աբրահամյանի ենթադրյալ առնչության վերաբերյալ հիմնավոր փաստարկներ ներկայացված են եղել։ Եվ դա է պատճառը, որ տարվեց վերաքննիչ բողոք սրա կապակցությամբ»։

Ապօրինի որդեգրումների գործով անցնող մյուս չորս մեղադրյալներն ազատ են արձակվել գրավի դիմաց։ Գոռ Աբրահամյանը չբացառեց, որ գրավի կիրառման որոշումները ստանալուն պես դրանք նույնպես բողոքարկեն. - «Այս պարագայում խնդիրը զուտ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումն է վիճարկելի կոնկրետ այդ մեկ դեպքով։ Մյուսների դեպքով, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց [որոշումները] ստանալու ու ուսումնասիրելու արդյունքում, ամենայն հավանականությամբ, դրանց վերաբերյալ ևս վերաքննիչ բողոքներ կտարվեն»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը առնվազն անհանգստացնող է համարում այն հանգամանքը, որ Քննչական կոմիտեն շարադրում է ծանր մեղադրանքներ, իսկ դատարաննները 5 մեղադրյալներից որևէ մեկին կալանավորելու հիմք չեն տեսնում. - «Հագուստի վաճառք չի դա, անգամ հողերի վաճառք չի, անգամ հանքի վաճառք չի։ Դա մարդու վաճառք է, որը ծանրագույն հանցագործություն է»։

Իրավապաշտպանը շեշտադրմամբ՝ կա՛մ դատարաններն են սաբոտաժի դիմում, կա՛մ Քննչական կոմիտեն բավարար ապացույցներ չի ներկայացրել դատարանին, ընդ որում՝ ամենևին էլ ոչ մասնագիտական անպատրաստվածության պատճառով. - «Նման հանցագործություն հնարավոր չէր կատարել առանց ամենաբարձր էշելոններում՝ դատախազության, քննչական մարմինների, անգամ ԱԱԾ-ում ունենալու բարձր պաշտոններ զբաղեցնող հովանավորներ։ Հետևաբար ինչո՞ւ եմ ես կարծում, որ սա սաբոտաժ է, այլ ոչ թե անձեռնահասություն։ Որովհետև իրենց իրենց են պաշտպանում, իրենք գուցեև մինչև այսօր պաշտոնավարող իրենց գործընկերներին են պաշտպանում»։

Գլխավոր դատախազի խորհրդականը վստահեցնում է, որ գործն իրենց ուշադրության ներքո է, և անկախ մասնակիցների շրջանակից՝ ամբողջական քննություն է տարվում։

«Կտրվեն քրեաիրավական գնահատականներ՝ անկախ նրանից, թե ինչ կպարզվի դրա արդյունքում, մասնակիցների ինչ շրջանակի կվերաբերի խոսքը», - հայտարարեց Գոռ Աբրահամյանը։

Նինա Կարապետյանցը կրկնում է այն, ինչ մեկուկես տարի է ասում՝ արդարադատություն իրականացնողները բոլոր օղակներում շահագրգիռ չեն հեղափոխության տրամաբանական ավարտով։ Օրինակը հենց ապօրինի որդեգրումների քրեական պատմությունն է, որով հուզեցին, սրտեր շարժեցին ու... 5 մեղադրյալներին ուղարկեցին տուն։