Մատչելիության հղումներ

Մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանն ազատ է արձակվել գրավի դիմաց


Երկրորդ օրն է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է օտարերկրյա որդեգրումների քրեական գործով մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանը ազատ է արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց, «Ազատությանը» տեղեկացրեց նրա փաստաբան Ալեքսան Խաչատրյանը: Դատարանը նաև ոչ իրավաչափ է համարել Կարապետյանի ձերբակալման որոշումը:

«Այս պահին գրավի գումարը մուծված է, և ներկայացրել ենք վարույթն իրականացնող մարմնին, և քիչ անց ազատ կարձակվի», - շաբաթ երեկոյան ասաց Խաչատրյանը: «Տիկին Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ մեղադրանքը ակնհայտ անհիմն է», - հավելեց նա:

Մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանը մեղադրվում է ծնողից երեխային բաժանելու համար՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով։

Դատարանը քննում է նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի հարցը։ Նա երկու օր «Արմենիա» բժշկական կենտրոնի կարդիոռեանիմացիայի բաժանմունքում էր՝ սրտի հիշեմիկ հիվանդության սրացմամբ։ Աբրահամյանը մեղադրվում է ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, ընդ որում՝ երկու և ավելի երեխաների նկատմամբ: Նրան առաջադրվել է նաև առևտրային կաշառքի մեղադրանք։

Օտարերկրյա որդեգրումների գործով մեղադրյալ է նաև Երևանի 43-ամյա մի բնակչուհի, նա երեկ ազատ է արձակվել գրավի դիմաց:

Քրեական այս պատմությունը Իտալիա որդեգրված 30 փոքրիկների մասով է։ Նրանք որդեգրվել են 2016-18 թվականներին, ըստ իրավապահների՝ առողջ երեխաներ երկրից դուրս են բերվել հիվանդության տարբեր թղթերով։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտում է՝ լավ է, որ բացահայտման ու ոչ թե չարաշահումների պարտակման պրոցես է գնում։ Առաջարկում է պատժից հետո մտածել այդ ամենն այլևս թույլ չտալու մասին:

«Խնդիր ունենք լուծելու, ընդհանրապես՝ երեխայից հրաժարվելու այդ գործընթացին դեմ քայլեր անելու, ավելի օգնելու այն մայրերին, որոնք որ հնարավոր է՝ հրաժարվեին, էնպես, որ չհրաժարվեն, եթե նույնիսկ երեխան ծնվել է առողջական խնդիրներով, այսինքն՝ ընդհանրապես, պետք է այնպես անենք, որ երեխաները մնան և ընդհանրապես չհանձնվեն մանկատներ, որ հետո էլ գնան որդեգրման», - ասաց նախարարը:

Ըստ իրավապահների տարածած հաղորդագրությունների, ապօրինի որդեգրումների գործընթացում՝ հենց ծննդատանը, մայրերին սպառնացել, ապակողմնորոշել, խաբել են ու ստիպել հրաժարվել սեփական երեխաներից: «Ընտանիք և համայնք » հասարակական կազմակերպության նախագահ Քնարիկ Գարանֆիլյանն ասում է՝ կասկածներ տարիներ շարունակ ունեցել են, բայց ապշեցնում է բացահայտված դեպքերի քանակը: «Զարմանալի են մասշտաբները, ես որ կարդացի, ես ուղղակի, չգիտեմ, սարսռացի», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Գարանֆիլյանը:

Նա 20 տարուց ավելի աշխատում է դժվարին իրավիճակում հայտնված կանանց ու երեխաների հետ։ Համոզված ասում է՝ բարդության մեջ գտնվող կնոջը հնարավոր է ստիպել հրաժարվել երեխայից․ - «Եվ երբ որ ինքը աղքատ է, այդ պահին ընկճված է, երբ որ տարբեր ճնշումներ կան, որ երեխան ցանկալի երեխա չի, երբ որ շանտաժ են անում ինչ-ինչ խնդիրներով, պատկերացրեք՝ էդ ցավերից հետո, էդ ապրումներից հետո, և էդ բոլոր, երբ որ գումարեք էդ սթրեսային բաները, շատ հեշտ է կնոջը մանիպուլյացիայի ենթարկել»:

Սոցիալական աշխատանքի փորձով շեշտում է՝ ազդող գործոնները՝ աղքատությունը, երեխայի ծնունդ՝ առանց ամուսնության, առողջական խնդիր ունեցող փոքրիկ, նույնիսկ ընտանիքում ծնված 6-րդ աղջիկը կարող է թեմա դառնալ, օրինակ, սկեսուրի համար․ - «Ինչպե՞ս եղավ, ինչո՞ւ այս մայրիկները հակվեցին կամ համաձայնվեցին, դա կլիներ շանտաժ, դա կլիներ ինչ՝ այնուամենայնիվ, կարծես թե հաջողվեց: Կարծում եմ՝ պետք է դա էլ խորապես ուսումնասիրել»:

Քնարիկ Գարանֆիլյանը վստահ է՝ հայ հասարակության կարծրատիպերը, հաճախ վայրենի բարքերն են պատճառ դարձել, որպեսզի ապօրինի որդեգրումների սցենարները հաջողությամբ պսակվեն։ Նա առաջարկում է ծննդատներից սկսած տարբեր ծառայություններով աջակցել խնդրի առջև կանգնած մայրիկներին, որպեսզի նրանք գործարքների առջև չթուլանան:

Ի դեպ՝ Քնարիկ Գարանֆիլյանն ինքը 5 երեխա ունի և նրանցից ոչ մեկի կենսաբանական մայրիկը չէ՝ մեկին որդեգրել է, երկուսին՝ խնամատարության վերցրել, ևս երկուսի խնամակալ մայրիկն է։


XS
SM
MD
LG