Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը, արխիվ

1.5 տարի անազատության մեջ գտնվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին ավելի քան 1 մլրդ դրամ գույքի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունն այսօր մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Դեռ նախորդ նիստին պաշտպանները միջնորդել էին Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով և Գրիգորյանին ազատ արձակել ավելի քան 1 մլրդ արժողությամբ, շուրջ 25 միավոր անշարժ գույքի դիմաց։

Դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարեց՝ գրավը չի կարող բավարար երաշխիք լինել պատշաճ վարքագիծ ապահովելու համար՝ անկախ առաջարկվող գրավի չափից. - «Մենք պնդում ենք, որ վերջին հաշվով նա գտնվում է հիվանդանոցում, բնականաբար որոշակի սահմանափակումներով հանդերձ, ամեն դեպքում գտնվում է բժիշկների հսկողության տակ, և այդ առողջական վիճակով որպես այդպիսին անձը պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: Եվ ինչպե՞ս է պաշտպանը երաշխավորում, որ նա ներկայանալու է դատական նիստերին, եթե այսօր պայմանական չի ներկայացել, եթե ամեն անգամ նշում են, որ այդ հիվանդության պատճառով չի ներկայանում: Այս ամենը ևս մտածելու տեղիք է տալիս: Ինչևիցե, գտնում եմ, որ ներկայացված միջնորդությունները բավարար չափով պատճառաբանված և փաստարկված չեն, և նման պայմաններում գրավը որպես այլընտրանք չի կարող փոխարինել կալանքին, քանի որ բավարար երաշխիք չի կարող հանդիսանալ պատշաճ վարքագիծ ապահովելու համար», - ասաց նա:

63-ամյա Գրիգորյանն, ով մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ, այսօրվա դատական նիստին կրկին ներկա չէր։ «Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ նա ամիսներ շարունակ բուժում է ստանում, դատարան գրություն էր ստացվել, որտեղ նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն էր նշված, ինչպես նաև. «Ելնելով սուբյեկտիվ գանգատներից՝ հիվանդը՝ Գրիգորյանը, նշում է, որ ի վիճակի չէ մասնակցելու դեկտեմբերի 24-ի դատական նիստին։ Եվ առողջական վիճակի հետ կապված տեղափոխում չի իրականացվել», - ասված էր գրության մեջ։

Այնուհետև առանձին նիստում շարունակվեց քննվել Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործը, ով մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։ Նրա պաշտպան Գուրգեն Գրիգորյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը, սակայն մերժվեց։

Ամբաստանյալ Նազիկ Ամիրյանն էլ ասաց՝ նախագահող դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք. «Գտնում եմ, որ նախագահող դատավորի գործողությունները ոչ միայն օրինական չեն, այլ ապօրինի են: Նախագահող դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք իմ գործի նկատմամբ: Ունեմ նաև հիմնավոր կասկած՝ քրեական գործի դատավորի մակագրման մեջ մարդկային գործոնի առկայության մասին»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 14-ին։

Հիշեցնենք, Գրիգորյանը կալանավորվեց նախորդ տարվա հունիսին։ Դեկտեմբերի վերջին նա գրավի դիմաց ազատ արձակվեց, մեկ ամիս անց, սակայն, դատախազության միջնորդությունից հետո կրկին կալանավորվեց։ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատական նիստերը մեկնարկեցին այս տարվա մայիսից։ Սակայն դրանք պարբերաբար հետաձգվում էին, քանի որ Մանվել Գրիգորյանը վատառողջ լինելու պատճառաբանությամբ չէր ներկայանում նիստերին, իսկ այն նիստերը, որոնց ներկա էր, րոպեներ անց ևս հետաձգվում էին, քանի որ Գրիգորյանը պնդում էր, որ ինքնազգացողությունը վատ է։ Հենց այս պատճառով էլ նոյեմբերի 26-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց առանձին քննել Գրիգորյանի և կնոջ գործերը։ Մայիսից մինչ օրս պաշտպանական կողմը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու տասնյակից ավելի միջնորդություններ է ներկայացրել, որոնք բոլորը մերժվել են նույն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։