Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու համար առաջարկվել է ավելի քան 1 մլրդ դրամի անշարժ գույք


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ծանր հոդվածներով մեղադրվող Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր միջնորդեց խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով և Գրիգորյանին ազատ արձակել ավելի քան 1 մլրդ արժողությամբ, շուրջ 25 միավոր անշարժ գույքի դիմաց, որի սեփականատերը, ըստ փաստաբանների, ոչ թե Գրիգորյանն է, այլ 3-րդ անձ։

«Եթե ոչ պատշաճ կպահի, գույքը թող մնա պետությանը, իսկ պետական լիազոր մարմինը թող աչալուրջ լինի, դատարանը իր գնահատականը թող տա։ Այսինքն՝ մեր ասածը ընդամենը՝ եթե մենք ցանկանում ենք, որ այս հարթության վրա արդարադատություն իրականացվի, շատ լավ բան ենք առաջարկում։ Իրա գույքը չի, արգելանքի տակ էլ չի, որ ասենք հանեք դնենք գրավի տակ, լրիվ ուրիշի գույքը ասում ենք՝ հարգելի նախագահ, վերցրեք էս մի քանի միլիոնանոց գույքը և եթե ոչ պատշաճ, ոչ ադեկվատ, չգիտեմ ինչ-որ մի բան՝ պետության ձեռքն է, պետական լիազոր մարմնի ձեռքն է, դատարանի ձեռքն է, վերցրեք էդ բյուջեն, մարդուն էլ տարեք հանգիստ կալանավայր, մեր տրամաբանությունը դա էր», - ասաց Բաղդասարյանը։

Գրիգորյանի մյուս փաստաբան Արսեն Մկրտչյանը ևս միջնորդեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել, չհեռանալու մասին ստորագրությունն ընտրել, դրա անհնարինության դեպքում միայն գրավ կիրառել։

Միջնորդություններին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար մեղադրող դատախազը ժամանակ խնդրեց։

Այսօր Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը գրությամբ դիմել էր դատարան, խնդրելով՝ այդ կառույցում քննվող մեկ այլ քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով Մանվել Գրիգորյանին այսօր որպես վկա հարցաքննեն։ Կողմերը չառարկեցին, դատավորն էլ թույլատրեց հարցաքննությունն իրականացնել։ Թե ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը, Քննչական կոմիտեից առայժմ չեն հայտնում:

Մանվել Գրիգորյանն այսօրվա դատական նիստին կրկին ներկա չէր։ «Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ ամիսներ շարունակ բուժում է ստանում Մանվել Գրիգորյանը, գրություն էր ուղարկվել դատարան այն մասին, որ առողջական խնդիրների պատճառով՝ Գրիգորյանը չի ներկայացել դատարան։

Դեռ նոյեմբերի 26-ի՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր այսուհետ առանձին քննել ամուսնու և կնոջ գործերը, քանի որ Գրիգորյանի՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։

63-ամյա նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

XS
SM
MD
LG