Այս պահին Իդլիբից շուրջ 80 հազար խաղաղ բնակիչ է շարժվում դեպի Թուրքիա. Էրդողան

Խան Շեյխուն ավանը, Իդլիբի շրջան, արխիվ

Հանգստյան օրերին Սիրիայի զինված ընդդիմության հսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգի հազարավոր խաղաղ բնակիչներ լքել են իրենց տները` շարժվելով դեպի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` պնդելով, որ փախստականների հոսքի ընդհանուր ծավալն այժմ շուրջ 80 հազար մարդ է կազմում:

Խաղաղ բնակչության նոր տեղահանության պատճառը Սիրիայի կառավարական բանակի նախորդ շաբաթ մեկնարկած լայնածավալ հարձակումն է: Այն ուղեկցվում է սիրիական և ռուսական ռազմական օդանավերի հարվածներով: Էրդողանի խոսքով՝ իրադրությունը Սիրիայի հյուսիսում նույնքան լուրջ է, որքան 2015 թվականին:

«Իրավիճակի հետագա լարումը կանխելու նպատակով դեկտեմբերի 23-ին Մոսկվա է մեկնում թուրքական մի պատվիրակություն, որի անդամները ռուսաստանցի պաշտոնյաների հետ կքննարկեն Իդլիբում ստեղծված կացությունը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը: