Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մարտական օդանավերը ռմբահարել են Իդլիբի շրջանը, որը համարվում է ընդդիմադիր զինյալ խմբավորումների վերջին հենակետը:
Ռմբահարումների հետևանքով զոհվել է մոտ մեկ տասնյակ մարդ, այդ թվում երեխաներ: Վիրավորվել է առնվազն 23 մարդ: Սիրիայի ընդդիմությունը ենթադրում է, որ ռմբահարումներին մասնակցել է նաև Ասադի դաշնակից Ռուսաստանի օդուժը:
Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Իդլիբի շրջանում բնակվում է շուրջ 3 միլիոն մարդ: 8 տարի տևող պատերազմի ընթացքում մեծ թվով բնակիչներ հեռացել են Սիրիայից, սակայն իդլիբցիները թաքնվելու կամ հեռանալու տեղ չունեն:
Ռուսաստանը և Թուրքիան անցյալ տարվա սեպտեմբերին համաձայնեցրել են մի փաստաթուղթ, ըստ որի Իդլիբը վերածվում է ապառազմականացված գոտու, որտեղ մարտական գործողություններ չվարելու պայմանով կարող են մնալ ընդդիմության ջոկատները, սակայն համաձայնությունը մշտապես խախտվում է: