Ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, արխիվ

Դատարանը մերժեց Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կալանավորելու միջնորդությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց նրա փաստաբան Սամվել Դիլբանդյանը:

Հիշեցնենք, որ դատարանը քննում էր նրա խափանման միջոցի հարցը։ Նա երկու օր «Արմենիա» բժշկական կենտրոնի կարդիոռեանիմացիայի բաժանմունքում էր՝ սրտի հիշեմիկ հիվանդության սրացմամբ։ Աբրահամյանը մեղադրվում է ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, ընդ որում՝ երկու և ավելի երեխաների նկատմամբ: Նրան առաջադրվել է նաև առևտրային կաշառքի մեղադրանք։

Օտարերկրյա որդեգրումների գործով մեղադրյալ է նաև Երևանի 43-ամյա մի բնակչուհի, նա երեկ ազատ է արձակվել գրավի դիմաց: Մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանը ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց:

Քրեական այս պատմությունը Իտալիա որդեգրված 30 փոքրիկների մասով է։ Նրանք որդեգրվել են 2016-18 թվականներին, ըստ իրավապահների՝ առողջ երեխաներ երկրից դուրս են բերվել հիվանդության տարբեր թղթերով։