Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ինքնաբացարկի միջնորդություն ստացած դատավոր Լուսինե Աբգարյանի եղբայր Դավիթ Աբգարյանը բացառում է, որ ինքը որևէ ազդեցություն կարող է ունենալ քրոջ՝ դատավոր Լուսինե Աբգարյանի որոշումների վրա:
Փաստաբանների երեկվա առաջարկի հիմքերից երկուսը կապված էին դատավորի եղբոր հետ: Նա 2018-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Սերժ Թանկյանի գրառումը, որտեղ ռոք երաժիշտը գրել է նաև. «Ուրախ եմ տեղեկանալ, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին քրեակատարողականում է»:
Դատավորի եղբայրը պարզաբանում է․ - «Ես մեկնաբանություն չեմ գրել, ընդհանրապես Սերժ Թանկյանն էլ BBC-ի նյութն էր տարածել, որը վերաբերում էր ի դեպ ընտրություններին, իսկ իմ կիսելու նպատակը հիմնականում իմ անգլալեզու ընկերներին տեղեկացնելն է Հայաստանում կատարվողին, ովքեր հետաքրքրված են: Հիմնականում դա է, և Սերժ Թանկյանի մեկնաբանությունն էլ հիմնականում վերաբերում էր ընտրություններին և ոչ ավել»:
Հարցին՝ Ձեզ չի՞ ուրախացրել, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին քրեակատարողականում է հայտնվել, նա պատասխանեց. - «Դա էական չի եղել ընդհանրապես, նույնիսկ վերջում մի փոքր անդրադարձ է դրան, բայց ընդհանրապես մեկնաբանությունն էլ և նյութն էլ BBC-ի վերաբերում են Հայաստանում կատարված ընտրություններին և փոփոխություններին»:
Դիտարկմանը, որ Սերժ Թանկյանը գրել էր, որ ուրախացել է այդ լուրի մասին իմանալով, Դավիթ Աբգարյանն արձագանքեց. - «Դե պարոն Թանկյանն է ուրախացած, ոչ թե մյուսները»:
Քոչարյանին առնչվող գործի վերաբերյալ նա միայն նկատեց. - «Քննություն է գնում, կգնա, ցույց կտա, մանավանդ, որ բոլոր նյութերին մենք ծանոթ չենք, բացի այն, ինչ մամուլում է հրապարակվել»:
Միջնորդության մեկ այլ հիմքով փաստաբանները վկայակոչում են ՍԴ դատավոր, նախկինում Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի 2016 թվականի ֆեյսբուքյան այն գրառումը, որով Գրիգորյանը տեղեկացնում է, որ ՄԻԵԴ-ն ընթացք է տվել փաստաբաններ Դավիթ Աբգարյանի և Տիգրան Աթանեսյանի գործին։ Գրառումը հավանել է փաստաբանի քույրը՝ դատավոր Լուսինե Աբգարյանը: Սա, ըստ Քոչարյանի փաստաբանների, վկայակոչում է այն մասին, որ Աբգարյանը կապեր ունի Վահե Գրիգորյանի հետ, ով այս գործով կողմ է հանդիսանում:
«Ազատության» հարցին, թե ինչպիսին են հարաբերությունները Վահե Գրիգորյանի հետ, Դավիթ Աբգարյանը պատասխանեց. - «Զուտ գործնական մի քանի հանդիպումներ եմ ես ունեցել նախկինում և ոչ ավելի: Գիտեք, այդ գրառումն ընդամենը տեղեկություն է, որ այդ գործը կոմունիկացվել է, ոչ ավել: Վահե Գրիգորյանն այդ գործում ընդհանրապես ներգրավված չի, այդ գործում ներգրավված ենք ես և Տիգրան Աթանեսյանը: Ընդամենը կապ ունենալով դատարանի հետ՝ նա մեզ տեղեկացնում է, որ երկար տարիներից հետո այդ գործը կոմունիկացվել է և վերջ: Նա գործի հետ այլ կապ չունի»:
Ի դեպ, նույն ժամանակահատվածում Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է նաև այժմ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող Հայկ Ալումյանի «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործի ընթացքի մասին և շնորհավորել Ալումյանին հաջողության կապակցությամբ: Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրած Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ի պատասխան միջնորդության հիմքերի վերաբերյալ հնչող քննադատության՝ հիշեցնում է նույն դատարանում օրեր առաջ դատախազների կողմից դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդության հիմքերը:
«Այնտեղ հիմքը Armlur.am-ն էր, այսօր News.am-ն էր, և կրկին այնտեղ էլ էր ֆեյսբուքյան գրառումը, այստեղ էլ է «Ֆեյսբուք»-ը: Հետևաբար, այո, «Ֆեյսբուք»-ը Դատախազության միջնորդության ջանքերի շնորհիվ հանդիսանում է պատշաճ հիմք ինքնաբացարկի միջնորդության», - նկատեց նա:
Նախորդ իրավիճակն այսպիսին էր. ֆեյսբուքյան օգտատերը գրառում էր կատարել այն մասին, որ հենց դատավոր Մխիթար Պապոյանն է ևս 2 դատավորի հետ գրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին առաջին ատյանում դատավոր Դավիթ Գրիգորյանի գարնանը կայացրած որոշումը: Պապոյանի դիմումի հիման վրա ԱԱԾ֊ում քննություն է ընթանում՝ դատավորին զրպարտելու համար: Իրենց աղբյուրներին հղում կատարելով՝ նման տեղեկություններ էին հրապարակել նաև լրատվամիջոցները: Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց դեկտեմբերի 9-ին։
Նոր դատավոր Լուսինե Աբգարյանը խորհդակցական սենյակում է, իր ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 18-ին: