Մատչելիության հղումներ

Լևոն Քոչարյանը չբացառեց կուսակցություն բացելու գաղափարը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը, արխիվ

Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննության ժամանակ դարձյալ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն հնչեց, այս անգամ նախկին նախագահի փաստաբանների կողմից: Վերաքննիչը պետք է քննի սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող նախկին նախագահին կալանքից գրավով ազատ չարձակելու՝ առաջին ատյանի որոշման դեմ բողոքը:

Նախորդ դատական նիստին վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ էր հայտնել մեղադրող կողմի միջնորդությամբ։ Գործը մակագրվել էր Լուսինե Աբգարյանին, ում ինքնաբացարկի հիմնավորումները առավելապես կապված էին նրա եղբոր՝ Դավիթ Աբգարյանի ֆեյսբուքյան էջով տարածած նյութի հետ:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը մանրամասնեց․ - «Վերջինս կիսվում հավանում է փաստացի Սերժ Թանկյանի կարծիքն առ այն, որ «ուրախ է տեղեկանալ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից քրեակատարողականում է», այլ կերպ ասած՝ Դավիթ Աբգարյանը, նշված տեղեկատվությունը հավանելով, կիսվում է այն իր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հանրության հետ: Ավելին՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դավիթ Աբգարյանը բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ է սույն գործով տուժողների իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ, ընդհուպ մինչև վերջիններս համատեղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացուցչություն են իրականացրել», - ասաց նա:

Մյուս հիմնավրումն այն էր, որ դատավորը, ըստ Court.am կայքի, վաղվանից՝ դեկտեմբերի 17-ից, պետք է արձակուրդում լինի, իսկ դատավորին արձակուրդ գնալուց 10 օր առաջ նոր գործ չեն մակագրում: Դատավոր Աբգարյանը բացատրեց՝ դատարանների ծանրաբեռնվածության պատճառով իր արձակուրդը հետաձգվել է, և այսօր էլ ևս 3 նոր գործ է ստացել, արձակուրդ կմեկնի դեկտեմբերի 24-ից : Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի համար հիմնավորումը ընդունելի չէր:

«Դուք ասացիք Ձեր պատճառով չի, որ Ձեր արձակուրդը հետաձգվել է մինչև ամսի 24-ը: Այստեղ խնդիրն այն չէ, թե ում պատճառով է եղել, այստեղ կարևոր են փաստերը, որ ըստ դատական համակարգի պաշտոնական էջի, Ձեր արձակուրդը պիտի լիներ, ընդհուպ հիմա էլ է էտպես, ամսի 17-ից դեկտեմբերի, այսինքն՝ վաղը: Ըստ դրա, երկրորդ փաստը, որ արդեն ամսի 7-ից Ձեզ պիտի գործ չմակագրվեր, այսինքն՝ Ձեր անուն-ազգանունը համակարգչի մեջ արդեն չպիտի բերեր, երբ որ գործերի մակագրություն է լինում», - հայտարարեց Ալումյանը:

Դատախազներն ու տուժող կողմն առարկեցին ինքնաբացարկի միջնորդությանը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը որևէ տրամաբանություն չտեսավ ներկայացված միջնորդության մեջ. - «Ես վստահ եմ, որ պաշտպանության կողմի բոլոր ներկայացուցիչներն էլ տարվա սկզբում իրենց պլանավորած արձակուրդը հենց նույն օրով չեն կարողանում գնալ, ինչպես բոլորիս հետ է պատահում, և դա շատ նորմալ աշխատանքային պրոցես է: Փորձ արվեց ներկայացնել այն տրամաբանությամբ, որ դա արվել է, որպեսզի այս գործը Ձեզ մակագրվի: Դա անտրամաբանական է, կրկնում եմ՝ փաստերին հետևի կողմից մոտենալու արդյունք է ընդամենը:

Միջնորդությունը մնացած մասով, որ վերաբերում էր Ձեր եղբոր հարաբերություններին Վահե Գրիգորյանի հետ, ես տպավորություն ստացա, որ նաև աշխատանքային հարաբերություններ կան՝ Եվրոպական դատարանում համատեղ ներկայացուցչություն և այլն, այդ ամեն ինչի մասին չեմ կարող ասել՝ այո կամ ոչ, բայց չեմ կարողանում հասկանալ՝ դա ինչ կապ ունի Ձեզ հետ: Ես չեմ լսել անկեղծ որևէ բան, որը կկապվեր Ձեզ հետ: Ձեր՝ սույն որևէ գործով կանխակալ դիրքորոշման հետ առնչվող որևէ հայտարարություն, արտահայտություն չեմ լսել», - ասաց նա:

Ի դեպ, դատական նիստի ընթացքում Քոչարյանի փաստաբանները հարցրեցին՝ ինչո՞ւ է դատավորն առանձին ծանուցում, հետո նաև կողմերից հետաքրքվում, թե դեմ չեն արդյո՞ք նիստը շարունակել առանց տուժողների, երբ քննվում է կալանքի հարց, և տուժողներն այստեղ կողմ չեն: Ալումյանի այս հայտարարությանը արձագանքեցին մեղադրող կողմից և տուժող կողմի ներկաայցուցիչ Տիգրան Եգորյանը։ Դատավորը, սակայն նկատեց՝ այս նիստը այդ հարցը քննարկման առարկա չէ:

Դատական նիստին չէր ներկայցել նաև ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը, ով առանձին գրությամբ այդ մասին տեղեկացրել էր դատարանին։ Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողներին փոխանցեց, որ հայրը հետվիրահատական ստուգումների համար հիվանդանոցում է: Լևոն Քոչարյանը ի դեպ, մեկ ուշագրավ հայտարարություն արեց՝ լրագրողների հետ զրույցում չբացառեց իրենց կողմից կուսակցություն ստեղծելու հնարավորությունը: Քոչարյանը օրերս բանտից «Հրապարակ»-ին տված հարցազրույցում հաջորդ տարի արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին էր խոսել:

«Ես շատ ընդհանուր բան ասեցի: Ուղղակի ասացի այն, որ ոչինչ բացառված չէ, այդ սկզբունքով», - ասաց նա՝ հավելելով, որ շահարկումներից զերծ մնալու համար չի ցանկանում խոսել այս մասին. - «Եթե ինչ-որ բան լինի, վստահաբար դա կասվի, այսինքն՝ ոչ մի բան թաքուն չի արվելու»:

Դիտարկմանը, որ հայրը չէր բացառել արտահերթ ընտրությունների հարցազրույցն իր հարցազրույցում, նա արձագանքեց, որ մի քանի օրվա մեջ այդ կարծիքը չէր կարող փոխվել. - «Դու քաղաքականության մեջ ես, կուսակցություն ունենալը, բնականաբար, չի կարող բացառվել»:

XS
SM
MD
LG