Դատավոր Մխիթար Պապոյանը վերաքննիչ դատարանում այլևս չի քննի Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը: Նա այսօր բավարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասրայանի միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց:
Վերաքննիչում Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը կմակագրվի նոր դատավորի: Երկրորդ նախագահի փաստաբանները բողոքարկում են առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը, նա մերժել էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակել: Դատախազի՝ ինքնաբացարկի միջնորդության հիմքում այն հրապարակումն էր, ըստ որի դատավոր Պապոյանը վերաքննիչ դատարանի ևս երկու դատավորների հետ գարնանը հեղինակել է առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը։
Հրապարակումից հետո դատավորը հաղորդում էր ներկայացրել ԱԱԾ-ը զրպարտության մասին և գործը գտնվում է նախաքննության փուլում:
Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրած դատախազ Գևորգ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք սա նշանակում է, որ վերաքննիչի մյուս երկու դատավորները՝ Վազգեն Ռշտունին և Ալեքսանդր Ազարյանը, որոնց անունները ևս հիշատակվել էին մամուլում, ըստ իրենց չպետք է քննեն այս գործը:
«Մնացածի մասով դատավարական երևույթ է, երբ որ կմակագրվի համապատասխան դատավորին, մենք յուրաքանչյուր դեպքում կգնահատենք հնարավոր համարում ենք արդյոք այդ դատավորի կողմից գործի քննությունը, թե ոչ: Վստահեցնում եմ, որ համաձայն լինել չլինելու հիմքում բացառապես դատավարական հիմքեր են լինելու, ոնց որ այս դեպքում էր», - պատասխանեց դատախազը:
«Ազատության» հարցին, թե կարո՞ղ է ստեղծվի մի իրավիճակ, որ վերաքննիչ դատարանի բոլոր դատավորների համար էդ գործի քննության անհնարինություն ստեղծվի, այսինքն՝ բոլորի հետ կապված նման հրապարակումներ լինեն և ստացվի այնպիսի իրավիճակ, որ վերաքննիչում դատավոր չլինի, ով կկարողանա քննել գործը Բաղդասարյանն արձագանքեց․ «Նախ բոլոր այն դեպքերում, երբ որ չկա դատավոր, որը կքննի քրեական գործեր, էս հարցը օրենսդրորեն կարգավորված է, այս դեպքում դատավորը, ում մակագրված է գործը, կարող է ինքնաբացարկ չհայտնել, բայց քանի որ հարցի հիմքում տեսնում եմ այդ սադրանքի մոտեցումը, որը նախորդ դատական նիստին հնչեցվեց, դա չի կարող լինել, որովհետև նույնիսկ անտրամաբանական եմ համարում, որ կազմակերպված ամիսներ առաջ հրապարակում լինի, որպեսզի ինչ-որ մի օր հանկարծ որևէ դատավորի մակագրվելու դեպքում նրան ինքնաբացարկ հայտնելու հիմքեր լինի»:
Լրագրողների դիտարկմանն էլ, որ կարող է ամիսներ առաջ չլինել, մակագրվելուց հետո լինել, դատախազը պատասխանեց․ «Մենք այդպիսի վարքագիծ չունենք, մենք այդպիսի բաներով չենք զբաղվում, որևէ դատավորի վարույթից հեռացնելու սկզբունք չունենք, ցանկալի դատավորներ չունենք»:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ որոշումը ստանալուց հետո կորոշեն իրենց հետագա քայլերը, բայց հավանական է համարում, որ կդիմեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով:
«Բայց եթե ստացվում է, որ հիմքը դա քրեական գործի առկայությունն է, ավելին, ոչ թե քրեական գործի, այլ, ըստ էության, զրպարտչական բնույթի կամ ենթադրյալ զրպարտչական բնույթի հայտարարությունները կամ այն հայտարարությունները, որոնք կարող է պարզվեն զրպարտչական բնույթի են, ֆեյսբուքյան հրապարակումը, որը ԶԼՄ չի, այլ անձն իր ֆեյսբուքյան էջում է գրել, ստացվում է, որ ոչ միայն վերաքննիչ դատարանում, այլ ցանկացած ատյանի դատարանում ընդհանրապես այս գործի և ցանկացած այլ դատական գործի խաթարման վտանգ կա», - նշեց Օրբելյանը:
Դատավարական ժամկետները թույլ են տալիս, որ Քոչարյանի կալանքի տակ մնալու հարցի քննությունը շարունակվի արդեն տոներից հետո, փաստաբանը միևնույն ժամանակ նշում է՝ հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է ազատազրկմանը, թե՛ վերամակագրումը, թե՛ նոր նիստի նշանակումը պետք է կազմակերպվեն շատ արագ:
«Հույս ունեմ, որ այս ձգձգումը անցած տարվա ձգձգումների ոճով չի՝ «փորձենք ձգձգենք Նոր տարին անցկացնենք, հետո տեսնենք, ինչ կլինի սկզբունքով», - ընդգծեց Արամ Օրբելյանը:
Փաստաբանները պատրաստվում են առաջին ատյանի դատարան ներկայացնել Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն, սակայն, թե ովքեր են անձնական երաշխավորություն ներկայացնելու դեռևս չեն մանրամասնում:
Հիշեցնենք՝ նախկին նախագահն արդեն մեկ անգամ անձնական երաշխավորությամբ ազատ արձակվել, ապա նորից կալանավորվել է: Նման միջնորդություն էին ներկայացրել Արցախի նախկին և ներկա նախագահները:
«Ես չասացի պաշտոնյա, չասացի ոչ պաշտոնյա, չասացի Արցախից, չասացի Հայաստանից և արտասահմանից: Այդ հարցին չեմ պատասխանում, քանի դեռ չկան անձինք, իրենք չեն եկել, չեն հայտնել ցանկություն, ես որևէ մեկնաբանում չեմ տալու այդ մասով», - ասաց Օրբելյանը: