Ըստ Միքայել Նահապետյանի, Ամուլսար տանող ճանապարհները ձմռանը չեն բացվի

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ջերմուկցիները համայնքային ժողովի ընթացքում որոշում են կայացրել մերժել ոստիկանության առաջարկը՝ ձմռանն ընդառաջ Ամուլսար տանող ճանապարհները բացելու մասին։

Նահապետյան. - Ջերմուկցիները համայնքային ժողովով, այսինքն՝ լայն իրազեկում էին արել այդ ընթացքում Երևանից շահագրգիռ խմբեր, ովքեր թեմայով հետաքրքրված էին և Ջերմուկում շահագրգիռ անձինք, խմբեր, այդ հավաքում որոշում կայացվեց մերժել ոստիկանության առաջարկը։

«Ազատություն». – Ի՞նչ է նշանակում որոշում կայացվեց, այսինքն՝ համայնքի անունի՞ց է որոշում կայացվում, ինչ-որ ձայների համամասնությամբ, ինչպե՞ս կարող եք ասել՝ համայնքը որոշեց։

Նահապետյան. – Էդ մարդիկ որոշում կայացնելու իրենց ոչ պաշտոնական, ոչ դե յուրե ամրագրված մեխանիզմն ունեն, այսինքն՝ երբ որ կա խնդիր, հայտարարում են, որ բոլոր նրանք, ովքեր Ջերմուկում հետաքրքրված են այս խնդրով, էսինչ օրը, էսինչ ժամին կարող են գալ և ելույթներ ունենալ և համոզել իրենց տարբերակի օգտին և, վերջում քվեարկություն է լինում որևէ հարցով, էդ քվեարկությանը մասնակցել։

«Ազատություն». – Ճանապարհները բացելու կողմնակիցներ կայի՞ն։

Նահապետյան. – Ելույթներում նման ելույթ չի եղել, քվեարկության ժամանակ ձեռք չի բարձրացրել որևէ մեկը բացելու օգտին։

«Ազատություն». – Ճի՞շտ է, որ ոստիկանությունը պատճառ է բերել, որ «Լիդիան»-ը պետք է բարձրանա, որպեսզի ձմեռման աշխատանքներ այնտեղ իրականացնի։

Նահապետյան. – Հրապարակված այդպիսի տեղեկատվություն կա, որ դա է պատճառը, և երեկ հենց դա էր քննարկվում. պատրվակը ձմեռացման աշխատանքներն են այնտեղ։

«Ազատություն». – Դա ի՞նչ է նշանակում՝ գույքը, տեխնիկան պատրաստել ձմռան համա՞ր։

Նահապետյան. – Դա որոշակի պահպանության միջոցառումներ են, այսինքն՝ տեխնիկան, եթե կարիք կա պատրաստել ոչ աշխատանքային կոնսերվացիոն սեզոնին, իրենք դա են պատրաստում, սարքավորումներն են նայում՝ ինչ վիճակում են, որոնք «Լիդիան»-ը իրականացրել է նախորդ ձմեռ, և դրանից հետո աշխատանքներ չեն իրականացվել։ Այսինքն՝ եթե այդտեղ կոնսերվացման միջոցառումներ են իրականացվել, դրանք հետբացման աշխատանքներ չեն իրականացվել, այսինքն՝ հիմա էնտեղ կա էդ վիճակը։

«Ազատություն». – Կարծում եք սո՞ւտ է, որ պիտի գնան ձմեռացման աշխատանքներ իրականացնելու։

Նահապետյան. – Ամեն անգամ, երբ որ օրեր կամ շաբաթներ են մնում, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է արդեն մոտենա էն ժամկետին, երբ որ իր պարտքատերերը իրենից գումար են պահանջելու և հետևաբար հարց է առաջանալու՝ կա՛մ ինքը գնում է դեպի սնանկացման գործընթաց, կա՛մ իրա պարտքի հետմարման ժամանակը էլի կերկարացնեն իրա պարտքատերերը, պատմական շարք կա, ամեն անգամ դրան նախորդող ժամանակում ինքը գտնում է ինչ-որ առիթ հանքի տարածք մտնելու համար։ Դա եղել է հրդեհը, դա եղել է տեսչական մարմնի ստուգումներից և այլնից հետո իրանց ներս մտնելու էդ խնդիրը։

«Ազատություն». – Բայց դա միայն «Լիդիանը» չի, նաև վարչապետն է մարդկանց հորդորել բացել ճանապարհները։

Նահապետյան. – Մարդիկ ասում են, որ չեն բացի և սա ունի պատմություն, եթե կառավարության մասին խոսենք, նրանք պարտավորվել էին, որ էս գործընթացի ելքը բացառապես կախված է լինելու «ԷԼԱՐԴ» ընկերության կամ այլ կերպ իրենց բառապաշարով ասած միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող փորձագետի պատասխանից և հատուկ շեշտվել էր, որ եթե մեկ տոկոս անգամ իսկ լինի բնապահպանական վտանգների առումով հանքը չի շահագործվի, երկրորդ տարբերակ չկա, սա բառացի ես ցիտում եմ։ «ԷԼԱՐԴ» ընկերությունն ասել է, որ կան էդ ռիսկերը մինչև էսօր չի արձանագրվել, որ երկրորդ տարբերակ չկա և այդ հանքը չի շահագործվելու։ Փոխարենն արվում են ձեռնածություններ, բերվում են պատճառաբանություններ, որ «մեր տնտեսական հանրությունը, բա մեր բլոկադան, բա մեր էսինչը, բա մեր էնինչը»։

«Ազատություն». – Թույլ տվեք ասել, որ դա մեկնության հարց է, որովհետև կողմերը յուրովի են հասկանում «ԷԼԱՐԴ»-ի ասածը։

Նահապետյան. – Մեկնության հարց չկա այնտեղ, «ԷԼԱՐԴ»-ը միանշանակ արդյո՞ք ասում է, որ էդ ծրագիրը չունի ռիսկեր, «ԷԼԱՐԴ»-ը նման բան չի ասում և «ԷԼԱՐԴ»-ի նման բան չասելն է պատճառը, որ էս գործընթացները դեռ շարունակվել են։

«Ազատություն». – Բայց վարչապետն ասում է ապացուցված է, որ ամբողջությամբ վերահսկելի ռիսկեր են և դրանց մեղմացնող համակարգերն էլ ավելի կուժեղացվեն։

Նահապետյան. - «ԷԼԱՐԴ»-ը ինքը տեսակոնֆերանսում տվել է երաշխիքներ, որ սակավ ուսումնասիրվածության ոչ պատշաճ ենթադրությունների, գիտական փաստերը ոչ պատշաճ վերլուծելու պայմաններում որևէ մեկը, էդ թվում՝ «ԷԼԱՐԴ»-ը, ինչի մասին «ԷԼԱՐԴ»-ը ինքը հայտարարել է, չի կարող երաշխավորել, որ այդտեղ ռիսկեր չեն լինելու և դրանք պետք է ուսումնասիրված լինեին։

«Ազատություն». – Հնարավո՞ր է ինքներդ նախաձեռնեք բողոքի ակցիաներ, եթե այնուամենայնիվ շահագործման որոշում կայացվի։

Նահապետյան. – Այո, եթե կառավարությունը կորոշի ի հեճուկս հանրային կամքի գնալ որևէ գործողության, այդ դեպքում մենք հակագործողություններ անպայման կիրականացնենք։ Մենք չենք ուզում, որ էս առումով խնդիրներ ունենան Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի կառավարությունը, բայց մենք չենք պատրաստվում նաև Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել։