Վրաստանը Եվրոպա է, հայտարարում է Բիձինա Իվանիշվիլին

Վրաստան - «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ողջունում է Թբիլիսիի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներին, 14-ը դեկտեմբերի, 2019թ․

«Վրաստանը Եվրոպա է և վերջ»․ - այսպես կարելի է բնութագրել այն հիմնական ուղերձը, որով հանդես եկավ Վրաստանի իշխող քաղաքական ուժի` «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին շաբաթ օրը Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված հանրահավաքի ժամանակ:

Բազմամարդ ակցիայի կազմակերպման գլխավոր առիթը Վրաստանի կողմից Եվրոպայի խորհրդի նախագահության ստանձնումն էր: Հիշեցնենք, Թբիլիսին կառույցի նախագահությունը կես տարով ստանձնեց նոյեմբերի վերջին:

Վրաստանի իշխող քաղաքական ուժը, սակայն, ընդդիմության չդադարող բողոքի ակցիաների ֆոնին, իր կողմնակիցներին փողոց դուրս բերելու առիթը բաց չթողեց: Որոշ գնահատականների համաձայն՝ «Վրացական երազանք»-ի ղեկավարությունը, բազմամարդ հավաք անցկացնելով, յուրատեսակ ուժի ցուցադրություն էր կազմակերպել:

Դրան էլ գումարած՝ Իվանիշվիլին և նրա կողմնակիցները ցանկանում էին ցրել լայնորեն տարածված այն մտայնությունը, թե եվրոպամետ գործիչներն այսօր հիմնականում վրացական ընդդիմության շարքերում են կենտրոնացել:

«Եվրոպան մեզ համար ժողովրդավարությունն է, մարդու իրավունքներն ու քրիստոնեությունը: Մենք այդ արժեքների բնական կրողն ենք, և վրացիները դարեր շարունակ հայտարարել են այդ մասին: Մենք չենք պատրաստվում դատարկաձեռն վերադառնալ եվրոպական մեծ ընտանիք», - հայտարարում էր Իվանիշվիլին` քողարկված կերպով քննադատելով ազատական եվրոպամետներին: Նրա խոսքով՝ եվրոպական այնպիսի արժեքները, ինչպիսին են բազմազանությունը կամ հանդուրժողականությունը, միշտ էլ բնորոշ են եղել վրացիներին, և դրանց ներմուծման անհրաժեշտության մասին խոսելու կարիք չկա:

«Տարբեր մշակույթների համակեցությունը մեր ինքնության մի մասն է, այլ ոչ թե տարատեսակ հռչակագրերի արդյունք: Մեր երկիր քրիստոնեությունը բերել են կապադովկիացի Նինոն, հայազգի Շուշանիկը, արաբ Աբոն և պարսիկ Եվստաֆիոսը», - կողմնակիցների համար պատմական էքսկուրսով էր հանդես գալիս Իվանիշվիլին:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի առաջնորդի հիշատակած Շուշանիկը Վարդան Մամիկոնյանի դուստրն է, որը թե՛ հայ և թե՛ վրացի պատմիչների վկայությունների համաձայն՝ 5-րդ դարում դաժան կտտանքների է ենթարկվել և նահատակվել` հրաժարվելով դավանափոխ լինել և զրադաշտականություն ընդունել: Հայ Առաքելական և Վրաց ուղղափառ եկեղեցիները Շուշանիկին դասել են սրբերի շարքում:

Թբիլիսյան հանրահավաքի ժամանակ Իվանիշվիլին եվրոպական արժեքներից ու քրիստոնեության պատմության մասին խոսելուց բացի նաև կոշտ քննադատության ենթարկեց իր քաղաքական հակառակորդներին` նախևառաջ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին:

«Այսօրվա մեր իրականության ողջ ցինիզմը նրանում է, որ այն մարդիկ, որոնք ժամանակին իրենց ձեռքով ձևակերպել էին վրացական հողերի զավթումը, այսօր որպես հայրենասերներ են հանդես գալիս: Գործիչները, որոնք ժամանակին ոտնահարում էին մարդու հիմնարար իրավունքները, սպանում և կտտանքների էին ենթարկում իրենց հայրենակիցներին, այսօր գողացված փողերով ստեղծված հեռուստաալիքների եթերում մեզ մեղադրում են ժողովրդավարության պակասի համար», - հայտարարում էր Բիձինա Իվանիշվիլի` խոստովանելով, որ քաղաքական ընդդիմախոսների հետ նույն լեզվով խոսելու գայթակղությունը մեծ է, բայցևայնպես «Վրացական երազանք»-ն այդ մակարդակի չի իջնի: