Հայաստանը և Ադրբեջանը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում «որևէ փաստաթուղթ չեն քննարկում»

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր մամուլի ասուլիսին չի հաստատել Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարին։

«Կա հստակ ձևաչափ, որ հանդիպման մասին հայտարարում են համաձայնեցված կարգով միաժամանակ, երբ որ բոլոր մանրամասներն արդեն իսկ համաձայնեցված են լինում համանախագահների միջոցով։ Նշեմ, որ ներկայումս այս համանախագահների հայտարարության մեջ նշված աշխատանքների վերաբերյալ մանրամասները գտնվում են դեռևս քննարկման փուլում և այս առումով որևէ բան չեմ կարող ասել», - ասաց ԱԳՆ խոսնակը։

Աննա Նաղդալյանն այսօր մի քանի անգամ հերքել է Մամեդյարովի հայտարարությունները, հավելելով, թե դրանք այս շրջանում պայմանավորված են ադրբեջանական ներքաղաքական վերադասավորումներով։

Մամեդյարովն ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիշատակել է, իր խոսքով, Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված, այսպես կոչված, Լավրովի պլանը, որը, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, մշակվել է մոտ երկու տարի առաջ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ մամուլում Լավրովի պլանի մասին սկսեցին խոսել ոչ թե երկու, այլ առնվազն 3,5 տարի առաջ՝ 2016-ի գարնանը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը Լավրովի պլանի մասին «Ազատության» հարցին պատասխանելիս ասաց. «Դա մենք նշել ենք բազմիցս, դա հստակ է՝ որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ Ինչ վերաբերում է, թե ինչ է նշել պարոն Մամեդյարովը, ես չէի ցանկանա համարել, որ այստեղ կար պարզապես տեխնիկական վրիպակ իրենց կողմից, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»։

Մամեդյարովը CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, թե բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, սակայն համոզմունք է հայտնել, որ բանակցությունները շարունակվելու են ցանկացած, նույնիսկ ռազմական գործողությունների դեպքում։

«Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու և պետք է լինելու շարունակել բանակցությունները», - ասել է Մամեդյարովը։

Ադրբեջանի արտգործնախարարը նաև պնդում է, թե Հայաստանի ԱԳ նախարարի հետ բանակցություններում քննարկում են կոնկրետ և իրական կետերը՝ հավելելով, թե օրակարգում կարգավորման փուլային տարբերակն է։ Ընդ որում՝ Էլմար Մամեդյարովը հիշատակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս տարվա մարտի 9-ի հայտարարությունը՝ ասելով, թե այդ հայտարարության էության խնդրի կարգավորումը փուլային տարբերակն է։ Առաջին փուլում, ըստ Մամեդյարովի, զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ, անվտանգության ապահովում, կապի հաստատում։

Մինչդեռ համանախագահների այս հայտարարությունում նշված է. «Խնդրի արդար և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա»։

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ընդգծեց. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման»։

Էլմար Մամեդյարովի խոսքով Բաքուն հայկական կողմին առաջարկում է խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով։

Պաշտոնական տվյալների համաձայն նավթով հարուստ Ադրբեջանում, օրինակ, նվազագույն աշխատավարձը գրեթե նույնն է ինչ Հայաստանում։

Ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մամեդյարովը պատմել է, որ Բրատիսլավայում վերջերս կայացած բանակցությունները տևել են 3,5 ժամ, դրանք անցել են միջնորդների մասնակցությամբ, սակայն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երկու անգամ առանձնացել են և տետատետ են զրուցել։

Ի դեպ, հարցազրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում, սակայն եթերում հայտնվել է մեկ շաբաթ անց։