Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները, ողջունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև միջև առաջիկայում սպասվող առաջին ուղիղ շփումների պատրաստակամությունը, ընդգծում են արդյունավետ քննարկումներ իրականացնելու միջավայրի պահպանման անհրաժեշտությունը:
ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրությունում նշվում է.- «Միջնորդները դրական են գնահատում վերջին շրջանում շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը, նաև որոշ սկզբնական քայլերը, որոնք իրականացվում են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն»:
Միևնույն ժամանակ Մինսկի խումբը վերահաստատում է լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը:
Այս համատեքստում համանախագահները կողմերին հորդորում են զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները:
Եռանախագահները վերստին վկայակոչում են Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ շեշտելով, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա վրա:
«Այն պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն», - ասվում է համանախագահների ծավալուն հայտարարության մեջ:
Համանախագահներն ընդգծում են, որ այս սկզբունքները և բաղադրիչները պետք է ընկած լինեն հակամարտության կարգավորման ցանկացած արդարացի և երկարաժամկետ կարգավորման հիմքում և պետք է ընկալվեն որպես փոխկապակցված ընդհանրություն։ Որոշ սկզբունքներ կամ բաղադրիչներ մյուսներից վեր դասելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշիռ լուծման հասնելը:
Համանախագահները պատրաստ են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների և արտգործնախարարների հետ ցանկացած ժամանակ, և կոչ են անում առաջնորդներին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բանակցությունները:
Վստահության ամրապնդման և խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորագույն բաղադրիչը մնում է համանախագահների միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև շարունակական և ուղիղ երկխոսությունը: Համանախագահները նաև շարունակելու են քննարկել համապատասխան խնդիրները հակամարտության հետևանքները ուղղակիորեն կրող կողմերի հետ, ընդունելով այն, որ բանակցային գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է հաշվի առնել նրանց տեսակետները և մտահոգությունները:
Համանախագահներն ընդգծում են, որ իրենց մանդատին համապատասխան՝ լիովին հանձնառու են օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորում: Համանախագահները նաև իրենց լիակատար աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի անկողմնակալ և չափազանց կարևոր մոնիտորինգային աշխատանքին: