Թրամփին իմփիչմենթի գործընթացի շրջանակում երկու մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ - Ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ջերի Նադլեր, արխիվ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձնաժողովը երեքշաբթի երեկոյան վերջապես հրապարակեց նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվող մեղադրանքների ցանկը: Հանձնաժողովի նախագահ Ջերի Նադլերի խոսքով՝ ԱՄՆ նախագահին մեղադրանք է ներկայացվում միանգամից երկու հոդվածներով:

«Առաջին հոդվածը վերաբերում է իշխանության չարաշահմանը: Երբ երկրի նախագահն օգտվում է իր լիազորություններից անհարկի անձնական օգուտ ստանալով կամ հարվածի տակ դնելով ազգային անվտանգությունը, նա ենթակա է իմփիչմենթի: Դա այն է, ինչ արել է նախագահ Թրամփը, երբ փորձել է Ուկրաինային դրդել, ճնշում է գործադրել այդ երկրի վրա, որպեսզի այն միջամտի 2020 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին», - հայտարարում էր Նադլերը:

Նախագահ Թրամփի պաշտոնանկության գործընթացը մեկնարկեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Սպիտակ տան ղեկավարի և Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի բովանդակությունը: Այդ զրույցի ժամանակ Թրամփը փորձել էր համոզել Զելենսկուն, որպեսզի պաշտոնական Կիևը սկսի հետաքննել նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու բիզնես գործունեությունը Ուկրաինայի տարածքում: Բայդենն առաջիկա նախագահական ընտրություններում Թրամփի ամենահավանական մրցակիցն է:

Դոնալդ Թրամփին ներկայացված երկրորդ մեղադրանքը վերաբերում է նրա կողմից իմփիչմենթի գործընթացի շրջանակներում Կոնգրեսի աշխատանքների խոչընդոտմանը:

«Նախագահն իրեն վեր է դասում պատասխանատվությունից, ամերիկյան ժողովրդից և Կոնգրեսի` իրեն իմփիչմենթի ենթարկելու իրավունքներից: Արդյո՞ք այսպիսով նախագահն իրեն վեր է դասում օրենքից: Մենք պետք է շատ հստակորեն հայտարարենք` որևէ մեկը, նույնիսկ նախագահը չի կարող օրենքից վեր լինել», - նշում էր դեմոկրատ կոնգրեսականը:

Թրամփի իմփիչմենթի գլխավոր նախաձեռնողներից մեկը` Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ Ադամ Շիֆը երեկ Կապիտոլիումում հավաքված լրագրողներին դիմելով նշում էր, որ նախագահի դեմ իմփիչմենթի գործընթացի մեկնարկը պարզապես անխուսափելի էր:

«Մենք այսօր այստեղ ենք, որովհետև նախագահի կողմից իր լիազորությունների շարունակական չարաշահումները մեզ այլ ելք չեն թողնում: Անգործությունը հավասարազոր կլիներ մեղսակցության», - հայտարարում էր Շիֆը:

Դեմոկրատ կոնգրեսականն, ի դեպ, առաջինն էր, որ մեղադրանքների պաշտոնական հրապարակումից հետո ենթարկվեց նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը:

Նախ Սպիտակ տան ղեկավարը Twitter-ում գրեց․ - «Շիֆն ի վերջո ստիպված է լինելու պատասխան տալ այս ամենի համար»:

Այս գրառման հրապարակումից մի քանի ժամ անց էլ, Փենսիլվանիայի Հերշի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Թրամփը սկսեց պարզապես ծաղրել ու նմանակել իր գլխավոր քաղաքական հակառակորդներից մեկին:

Այդ պահին Վաշինգտոնում գտնվող նախագահի կուսակից հանրապետականները փոքր-ինչ ավելի լուրջ էին տրամադրված: Ներկայացուցիչների տան հանրապետական խմբակցության ղեկավար Քևին ՄըքՔարթին պնդում էր, որ Թրամփի պաշտոնանկության գործընթացը քաղաքական վրեժխնդրության պարզ դրսևորում է:

«Դեմոկրատները չեն կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ նախագահը հաղթել է ընտրություններում, իսկ իրենք պարտվել են: Ինչ վերաբերում է Զելենսկու և Թրամփի հեռախոսազրույցին, ապա պետք է միայն մեկ հարցի պատասխանել` արդյո՞ք դրա ընթացքում եղել է որևէ գործողություն, որի համար կարելի է նախագահին պաշտոնանկ անել: Պատասխանը հետևյալն է` բացարձակապես չի եղել», - նշում էր հանրապետական կոնգրեսականը:

Դոնալդ Թրամփին ներկայացված պաշտոնական մեղադրանքների քննությունը Ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձնաժողովում կմեկնարկի այսօր երեկոյան: Եթե նախագահի պաշտոնանկության նախագիծն արժանանա հանձնաժողովի անդամների հավանությանը, իմփիչմենթի հարցը կընդգրկվի Ներկայացուցիչների տան լիագումար նիստի օրակարգում: Այստեղ ևս, հաշվի առնելով դեմոկրատական մեծամասնության առկայությունը, նախագծի հաստատման հեռանկարները բավական մեծ են: Այս ողջ գործընթացը կարող է ավարտին հասցվել մինչև Նոր տարի: Դրանից հետո Թրամփի պաշտոնանկության հարցը կտեղափոխվի Սենատ, որի հանրապետական մեծամասնությունն արդեն իսկ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնանկության որևէ իրավական հիմք չի տեսնում: