ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին պատկան հանձնաժողովին հանձնարարել է կազմել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի փաթեթը: Դա կարևոր քայլ է գործընթացն սկսելու ուղղությամբ:
«Վճռվում է մեր դեմոկրատիայի ճակատագիրը, նախագահը մեզ այլընտրանք չի թողնում», - ասել է Նենսի Փելոսին:
Ենթադրվում է, որ իմփիչմենթի հարցով օրինագիծը մինչև Սուրբ Ծնունդի տոները քվեարկության կդրվի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում:
Հանրապետականները պաշտպանում են Թրամփին և դատապարտում են իմփիչմենթի գործընթաց սկսելու դեմոկրատների նախաձեռնությունը:
«Դեռ այս տարվա մարտին խոսնակը [Փելոսին] ասել է, որ իմփիչմենթի գաղափարն այնքան քայքայիչ է երկրի համար, որ այն կարելի է առաջ տանել միայն երկու կուսակցությունների համաձայնությամբ, դա էր նրա հռչակած չափանիշը, և նա հիմա հետ է կանգնում դրանից», - ասել է Ներկայացուցիչների տան հանրապետական փոքրամասնության լիդեր Քևին ՄըքՔարթին:
Դեմոկրատների համոզմամբ, հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում Թրամփը փորձել է ճնշում գործադրել և վարկաբեկող տեղեկություններ կորզել հաջորդ տարվա ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Ջո Բայդենի ու նրա որդու՝ Հանթերի մասին:
Վերլուծաբանների համոզմամբ, Թրամփը կարող է իմփիչմենթի ենթարկվել Ներկայացուցիչների տանը, սակայն նախաձեռնությունն աջակցություն չի ստանա Սենատում, որտեղ մեծամասնություն ունեն Թրամփի կուսակից հանրապետականները: