Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ազդարարում է նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնական հետաքննության մեկնարկը, որի հետևանքով իմպիչմենտի գործընթաց կարող է նախաձեռնվել: Այդ մասին անցած գիշեր Վաշինգտոնում հայտարարել է Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին:
Փելոսիի խոսքով՝ հետաքննությունը կապված է հուլիսին նախագահ Թրամփի և նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու միջև կայացած հեռախոսազրույցի հետ: Ամերիկյան հատուկ ծառայությունների անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ Թրամփը զրույցի ընթացքում ճնշում է գործադրել Զելենսկու նկատմամբ` հորդորելով նրան հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար պայքարող Ջոզեֆ Բայդենի և նրա որդու դեմ` Ուկրաինայի տարածքում ծավալած բիզնես գործունեության համար:
Փելոսիի փոխանցմամբ՝ Թրամփի գործողությունները հետաքննելու են Կոնգրեսի միանգամից վեց հանձնաժողովներ: