Դատավոր Պապոյանը բավարարեց իր ինքնաբացարկի՝ մեղադրող կողմի միջնորդությունը

Դատավոր Մխիթար Պապոյան, արխիվ

Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց իրեն ներկայացված մեղադրող Գևորգ Բաղդասարյանի ինքնաբացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 6-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունն ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման դատական նիստի ընթացքում Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին:

Երբ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այս տարվա մայիսի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահին ազատ արձակելու որոշում կայացրեց, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, իսկ հետ նաև լրատվամիջոցները գրեցին, թե որոշումը այլ դատավորների հետ միասին գրել է Մխիթար Պապոյանը:

Պապոյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին և ներկայումս ԱԱԾ-ում գործով նախաքննություն է ընթանում: Ըստ մեղադրողի, այս ամենը դատավորի անաչառությունը կասկածի տակ կարող է դնել:

Ինքնաբացարկի միջնորդությանը միացել էին նաև տուժողները, տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները: