Վերաքննիչ դատարանում այսօր ընթացավ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունն ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման՝ գրավի դիմաց Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ:
Մինչ կալանքի քննության անցնելը մեղադրող Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին: Երբ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այս տարվա մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրեց, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, իսկ հետ նաև լրատվամիջոցները գրեցին, թե որոշումը այլ դատավորների հետ միասին գրել է Մխիթար Պապոյանը:
Պապոյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին և ներկայումս ԱԱԾ-ում գործով նախաքննություն է ընթանում: Ըստ մեղադրողի, այս ամենը դատավորի անաչառությունը կասկածի տակ կարող է դնել:
«Այս հանգամանքներն այնքանով, որքանով նաև որևէ այլ երաշխիքով չեն կարող չեզոքացվել, մեր համոզմամբ բացառում են Ձեր մասնակցությունը սույն գործով վարույթին: Վերոնշյալի հիման վրա միջնորդում եմ Ձեզ ինքնաբացարկ հայտնել», - ասաց Բաղդասարյանը:
Ինքնաբացարկի միջնորդությանը միացան նաև տուժողները, տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները: Փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտարարեց՝ կասկածահարույց է այն ակտը, որը դատավոր Պապոյանը կարող է կայացնել։ Ըստ Սաֆարյանի, Պապոյանը մի խմբավորման անդամ է, որը կապեր ունի Ռոբերտ Քոչարյանին աջակցողների հետ: Խմբավորման անդամ է, ըստ Սաֆարյանի, օրինակ, դատավոր Ազարյանը, ով արդեն մեկ անգամ Քոչարյանին ազատ արձակելու որոշում է կայացրել:
«Ես ասում եմ, որ Դուք, Ազարյանը, պարոն Ռշտունին, դուք երեքդ էլ իրականում ունեք այն, էսպես ասեմ, ուղղորդված համակրանքը Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ, և կոնկրետ Ազարյանը դա իր որոշումում արտահայտել է, և դա վտանգ է արդեն ստեղծել», - նշեց Սաֆարյանը:
«Այո, Ազարյան Ալիկը իմ ընկերն է, ոչ միայն գործընկերը, այլ նաև ընկերն է, և ասեմ Ձեզ, որ մինչև Ազարյան Ալիկի քրեական վերաքննիչ դատարան տեղափոխվելը, առաջին ատյանի դատարանում աշխատած տարիներին եղել են դեպք կամ դեպքեր, չեմ կարող ասել, որ նրա դատական ակտի հետ ես չհամաձայնվելով վերաքննիչ դատարանում, որպես դատավոր, բեկանեմ: Սա որպես ի գիտություն Ձեզ», - ասաց Պապոյանը:
Ինքնաբացարկի դեմ արտահայտվեցին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: Հայկ Ալումյանը մտահոգվեց, թե սա կարող է դառնալ մանիպուլյացիոն հնարքի նախադեպ՝ ընդդեմ դատավորների․ «Իրական բովանդակությամբ, ըստ էության, հետևյալ միջնորդությունն է՝ «միջնորդում ենք գործը փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին»:
Ամբաստանյալ Քոչարյանն էլ միջնորդությունը որակեց որպես իշխանությունների համար անցանկալի դատավորից ազատվելու փորձ:
«Իսկապես այդ ճանապարհով կարելի է չեզոքացնել բոլոր բարձր վարկանիշ, իրենց համար անկանխատեսելի դատավորներին ուղղակի շարքից հանել, կոնկրետ քրեական գործերով», - նշեց Քոչարյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Եթե դատավորը չբավարարի ինքնաբացարկի միջնորդությունը, ապա կսկսվի Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու քննությունը: