Նախագահական երկու ժամկետ պաշտոնավարած և արդեն որպես վարչապետ ժողովրդի ճնշմամբ իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանին առաջադրված մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու մեղադրանքը Հանրապետականը որակում է «քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում», իշխանությունից հակադարձում են՝ Սերժ Սարգսյանին թող հարցնեն՝ ի՞նչ է քաղաքական հետապնդումը, քանի որ նա է ընդդիմախոսների նկատմամբ նման քայլեր ձեռնարկել։
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հանրապետականը կարծում է՝ Սարգսյանի վերջին հրապարակային ելութներն են անհանգստացրել գործող իշխանություններին, մեղադրանքի նպատակն էլ քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելն է համարում: Զագրեբում՝ ԵԺԿ համագումարին մասնակցած Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ է տեսնում, օրինակ՝ «իրականացվում են քաղաքական հետապնդումներ»:
Տևական լռությունից հետո Սերժ Սարգսյանի հայտարարությունները պատահակական չի համարում «Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանը. - «Գիտակցելով, որ գոյություն ունի քրեական գործ, որով ինքը կարող է անցնել, մարդն էսպես դիրքավորվել է, որպեսզի հետո ասի՝ այ տեսեք՝ քաղաքական հետապնդում է։ Բոլորից լավ իրենք գիտեն՝ իրենք ինչեր են արել, մենք չգիտենք, իրենք գիտեն՝ որի փաստաթղթերը կա, որինը իրենք հասցրել են ոչնչացնել։ Պաշտպանության բնազդը լրիվ հասկանալի է։ Հայաստանում քաղաքական հետապնդման որևէ մեկը չի ենթարկվելու այլևս, առնվազն այնքան ժամանակ քանի դեռ մեր քաղաքական ուժը իշխանության կրողն է», - շեշտեց պատգամավորը։
4 տարի առաջ էին ՀՀԿ-ակաները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնում, հենց Սերժ Սարգսյանի կողմից 2015 թվականի փետրվարին «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» որակվելուց հետո Ծառուկյանը նույնիսկ որոշեց քաղաքականությունը լքել:
Այսօր նրա ղեկավարած ուժի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանը չբացառեց, թե Սերժ Սարգսյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում՝ մասնավորապես իր քննադատական հայտարարությունների պատճառով։
«Էնտեղ հնչեցին մեր իրավական անվտանգության խնդիրներ։ Բնական է, դա չէր կարող իշխանության քիմքին հաճելի լինել, բայց ես նորից եմ ասում՝ ես, լինելով մասնագիտությամբ իրավաբան, չեմ կարող հիմա այդպիսի պատասխանատու պնդում անել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով։ Դա չի բացառվում, բայց այդպիսի պնդում անելու համար դու պետք է իրազեկված լինես, ես այդպիսի տեղեկատվություն չունեմ», - հայտարարեց պատգամավորը։
Խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքը հստակ է՝ քաղաքական հետապնդման տարր Սերժ Սարգսյանի մեղադրանքում չկա։ Մարուքյանը ՀՀԿ-ին կոչ արեց խոսել բուն մեղադրանքից, ոչ թե սոցցանցերում բողոքել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին գյուղնախարար աշխատած Սերգո Կարապետյանից, թե նա Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվեց, ուրեմն դավաճան է։
«Մեղադրանքից խոսեք, ասեք՝ եղե՞լ է, թե՞ չի եղել, թե չէ քաղաքական հետապնդման տարրն էտտեղ ո՞րն է, ազատորեն խոսում են, ազատորեն զբաղվում են քաղաքականությամբ և կշարունակեն զբաղվել, որովհետև, ըստ էության, նաև խափանման միջոցն ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին միայն, այսինքն՝ կալանավորման մասին խոսք էլ չկա, մինչդեռ մի մեծ ցնցում էր, աղմուկ էր, որ հայ-հույ կալանավորում են, կալանավորում են, մեկ էլ հոպ, տեսան, որ չեն էլ կալանավորել։ Կարծում եմ, որ էտտեղ քաղաքական հետապնդման որևէ տարր չկա, և այդ գնահատականները քաղաքականացնելու, բնականաբար, միտումնավոր են, և պարզ է, որ պաշտպանական տակտիկան էտպիսին է լինելու», - ասաց Մարուքյանը։
Վերջինս աբսուրդ է որակում Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքից հետո արտախորհրդարանական Հանրապետականի հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը, թե այսօրվա իշխանությունն ավտորիտար է։
«Թող ասեն մի հատ թերթ, որ փակվել է, թող ասեն մի հատ TV, որ փակվել է, թող ասեն մի հատ վերահսկողություն, որ եղել է, օրինակ, ինտերնետի կամ մնացած բաների վրա։ Թող ասեն էլի, մարդու իրավունքների թող մի հատ ոտնահարում ասեն, ասեն, որ օրինակ՝ բանտերում մարդկանց խոշտանգում են, որ ցուցմունք տան, օրինակ՝ Սերգո Կարապետյանին խոշտանգե՞լ են, որ ցուցմունք է տվել, թե ինքը եկել ա, ասել, որ նման չարաշահում է եղել, ախպեր ջան, ես գրում եմ, ու գրել է։ Պարզ է չէ՞, որ քրեական գործով անցնում է, այսինքն՝ ասել, որ այսօրվա իշխանությունն ավտորիտար է, դա տխմարություն է, եթե ավտորիտար լիներ, ապա հանրապետականները նման ազատություններից չէին կարող օգտվել», - հայտարարեց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանը չի կիսում այս իշխանությունների ավտորիատար լինելու մասին ՀՀԿ-ի գնահատականը: Ինչ վերաբերում է «պոպուլիստ» որակմանը, իշխանության որոշ ներկայացուցիչների դեպքում համաձայն է․ - «Բոլորի հասեցին չի կարելի էտպիսի վիրավորական, որովհետև կան նաև արժանավոր մարդիկ, կան նաև իսկապես հարգանքի արժանի, բայց էնտեղ էլ կան պոպուլիստներ, իշխանության մեջ էլ առ այսօր բռնության կոչերը դեռ շարունակական բնույթ են կրում։ Ես չեմ կարող ասել, որ Հայաստանն այսօր բռնապետություն է, դա բացարձակ չի բխի մեր երկրի հեղինակությունից, բայց որ բռնության կոչերը, նորից եմ ասում, շարունակական բնույթ ունեն, այ դա շատ վատ է», - ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը։