ՀՔԾ-ն պարզաբանում է՝ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածներով

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։

Մասնավորապես, նախկին պաշտոնյան մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով։

Չնայած արդեն տևական ժամանակ է հայտնի էր, որ Գևորգ Կոստանյանը մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով, սակայն ՀՔԾ-ն չէր պարզաբանում, թե մասնավորապես ինչ հոդվածներով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Դատարանի որոշումը Կոստանյանի պաշտպաններն անհիմն են համարում և պատրաստվում են բողոքարկել այն:

Գևորգ Կոստանյանը հետախուզվում է․ նախկին գլխավոր դատախազը 48 ժամվա ընթացքում չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Կոստանյանն ասել էր՝ ժամանակին քննիչին հայտնել է, որ Մոսկվայում աշխատում է, դասընթաց է վարում և կվերադառնա այն ավարտելուց հետո:

Նրա պաշտպանը երեկ ևս հստակ չասաց, թե երբ է պատրաստվում Հայաստան գալ իր պաշտպանյալը, սակայն վստահեցրեց՝ մինչ կալանքի որոշումը Կոստանյանը ցանկացել է վարույթն իրականացնող մարմին ներկայանալ դեկտեմբերին: «Հիշյալ որոշման պայմաններում արդեն պարոն Կոստանյանը կորոշի, թե երբ կներկայանա», - նշեց Համբարձում Մելիք-Սարգսյանը:

Գևորգ Կոստանյանի անունը Մարտի 1-ի գործով շրջանառվեց սեպտեմբերի 25-ին, երբ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ այդ գործով մեղադրյալ է ներգրավվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` միանգամից 3 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար:

Ըստ ՀՔԾ-ի, 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ և նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և նպատակ են ունեցել թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները և հանցագործության հետքերը։