Մատչելիության հղումներ

Գևորգ Կոստանյանը մեղադրյալ է ներգրավվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. պաշտպան


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հայաստանի նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Դատարանի որոշումը Կոստանյանի պաշտպաններն անհիմն են համարում: Պատրաստվում են բողոքարկել այն:

«Ամբողջը ենթադրություններ էին: Ավելին ասեմ, քննիչի կողմից ներկայացված բոլոր փաստարկները վկայում էին հակառակի մասին, որ Գևորգ Կոստանյանը առնչություն չունի իրեն մեղսագրվող մեղադրանքին», - «Ազատությանն» ասաց Կոստանյանի փաստաբաններից Համբարձում Մելիք-Սարգսյանը:

Գևորգ Կոստանյանի նկատմամբ Հատուկ Քննչական ծառայաությունը հետախուզում է հայտարարել, քանի որ նախկին Գլխավոր դատախազը 48 ժամվա ընթացքում չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Կոստանյանն ասել էր՝ ժամանակին քննիչին հայտնել է, որ Մոսկվայում աշխատում է, դասընթաց է վարում, և կվերադառնա այն ավարտելուց հետո:

Նախկին Գլխավոր դատախազը իրեն տրված ժամանակահատվածը ողջամիտ չէր համարել ու հստակ չէր պատասխանել հարցին, թե արդյոք դեկտեմբերին, դասերն ավարտելուց հետո վերադառնալո՞ւ է Հայաստան, թե՞ ոչ։

Այսօր նրա պաշտպանը հստակ չասաց, թե երբ է Կոստանյանը պատրաստվում վերադառնալ Հայաստան, միայն վստահեցրեց, որ ավելի վաղ նախկին պաշտոնյան որոշել էր դեկտեմբերին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին․ - «Հիշյալ որոշման պայմաններում արդեն պարոն Կոստանյանը կորոշի, թե երբ կներկայանա: Նախնական պայմանավորվածությամբ, պարոն Կոստանյանը գալու էր սեսիայի ավարտից հետո: Ուղղակի էս որոշումը դեռ պետք է բողոքարկենք»:

Գևորգ Կոստանյանը մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով: Թե ինչ հոդվածներով՝ Հատուկ Քննչական ծառայությունը դեռ չի պարզաբանում։

Կոստանյանի փաստաբանն այսօր ասաց, թե իր պաշտպանյալը որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Գևորգ Կոստանյանի անունը Մարտի 1-ի գործով շրջանառվեց սեպտեմբերի 25-ին, երբ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ այդ գործով մեղադրյալ է ներգրավվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ միանգամից երեք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար:

Ըստ ՀՔԾ-ի, 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ և նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և նպատակ են ունեցել թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները և հանցագործության հետքերը։

XS
SM
MD
LG