Փաշինյան․ Կտրելու ենք Հայաստանի պետական արժանապատվությանը «կպնել փորձող բոլոր կեղտոտ թաթիկները»

«Բանակցային սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա», - այսօր Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Վերջինս ասաց, որ այսօր պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ է դրել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը, որտեղ խոսվում է խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին, և հարցրեց, թե որն է պաշտոնական Երևանի իր դիրքորոշումը:

Փաշինյանի արձագանքը․ - «Նախ ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա: Ինչո՞ւ չկա: Որովհետև նախորդ հարցուպատասխանի ժամանակ մենք ասել ենք, որ նախ պետք ա հասկանանք ամպլիտուդը: Եվ մենք երբ որ ասել ենք, որ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ մեր պարզաբանումները պետք է ստանանք, իհարկե այդ պրոցեսը ընթանում է: Բայց մենք դեռևս չենք ստացել: Եվ ոչ միայն կարևոր է պարզաբանումները ստանալ, այլև էդ պատկերացումների շուրջ ընդհանուր համաձայնության գալը: Որ մենք այ էս բաժակին նայելով նույն առարկան ենք տեսնում, նույն պատկերն ենք տեսնում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված «Կամազ»-ների աղմկահարույց թեմային, ինչպես նաև Հայկ Մարությանի և շեյխերի ներկայացուցիչների հանդիպման մանրամասներին:

Վարչապետը նախ կասկածի տակ դրեց, որ Երևանում ներդրումներ անելու ցանկություն հայտնած անձինք շեյխերի ներկայացուցիչներն են՝ ընդգծելով, որ եթե այդպես լիներ, ապա Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնական ներկայացուցիչները կդիմեին դեսպանատան և ոչ թե Գագիկ Ծառուկյանի միջոցով․ - «Այո, Գագիկ Ծառուկյանը զանգել է ինձ, խնդրել է, ասել է՝ խոշոր ներդրողներ են: Ես Երևանի քաղաքապետին զանգել եմ, Երևանի քաղաքապետը կիրակի օրով ընդունել ա: Ընդ որում, ինձ պարոն Ծառուկյանն ասել ա՝ շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչ են: Ես, հարգանքով վերաբերվելով, ասել եմ թող ընդունի: Առաջինը շատ տարօրինակ է եղել նրա համար, որ էդ մակարդակի մարդիկ Երևանի քաղաքապետի հետ գալիս են ընդունելության ջինդերով, բոթասներով և մայկաներով: Սա, կարծում եմ, վերաբերմունք ա պետական ինստիտուտին: Եվ հընթացս երեք հյուրերն էլ, պարզվել է, հեռախոսներ ունեն մոտները և զանգ են ստացել: Եվ երբ քաղաքապետը նրանց ներկայացնելիս է եղել էդ հնարավորությունները, թե ինչ կարող ենք ասել․․․ սկզբից մեկն ա հեռախոսը վերցրել, սկսել խոսել: Քաղաքապետը ստիպված է եղել ընդհատել իրեն, մինչև կարևոր հյուրը ավարտի: Հետո երկրորդի հեռախոսին ա զանգ էկել, քաղաքապետը էլի ընդհատել ա խոսակցությունը: Բայց որ երրորդին էլ ա զանգ էղել, քաղաքապետը ասել ա՝ ես ենթադրում եմ, որ էս խոսակցությունը արդեն հետաքրքիր չի ձեզ, որովհետև անընդհատ հեռախոսով խոսում եք, ես, ըստ էության, նաև ավարտեցի, շնորհակալություն, ցտեսություն: Եվ ես կարծում եմ, որ ճիշտ ա արել: Որովհետև եթե մարդիկ կան, որ թույլ են տալիս իրենց հետ էդպես վերաբերվեն և էդպես վարվեն, և իրենց համար Հայաստանի պետականությունն էդ ա, որ ջինսով, բոթասներով պըտի մտնեն, քաղաքապետին ասեն․․․ էդ ժամանակները պրծել են»:

Ի դեպ, վարչապետը շեշտեց, որ ներդրումների հետ կապված «Բարգավաճ Հայաստանը» սկսել է բողոքել այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց «Մուլտիգրուպի» ղեկավարին՝ «Հյուսիս - հարավ» ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար․ - «Հյուսիս - հարավ պրոյեկտը ներդրումային շատ լավ միջավայր ա եղել, որ բռնել են Հայաստանի Հանրապետության էդ նախագիծը որպես կթու կով կթել են ով հասել ա: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք, հատ-հատ: Եվ շարունակելու ենք կտրել: Եվ որևէ մեկը չմտածի, որ Հայաստանի Հանրապետության դրոշի, պետականության, ինքնիշխանության, պետական արժանապատվությանը կարա իր կեղտոտ թաթիկներով կպնի: Կկտրենք բոլորի թաթիկները»:

Փաշինյանն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված «Կամազ»-ների աղմկահարույց թեմային: Նա ընդգծեց, որ երբ քաղաքում բնական աղետ է, և ինչ-որ մեկը օգնության առաջարկ է անում, շատ անտրամաբանական է այդ աջակցությունը մերժելը: Իսկ աղբի հետ կապված իրավիճակը, որ ստեղծվել էր Երևանում, բնական աղետի նման մի բան էր։

Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ գործընթացում կոռուպցիոն ռիսկեր կան թե ոչ՝ վարչապետն ասաց, թե քանի որ շատ է խոսվել Սամվել Ալեքսանյանի մասն, ապա ինքը որոշակի տեղեկություններ է պահանջել այդ մասով․ - «Պարզվեց, որ էդ նվիրատվությունից հետո կոնկրետ, նրան պատկանող ընկերություններից մեկի․․․ նվիրատվությունից առաջ էլ, հետո էլ: Ինչ ա տեղի ունեցել․ ասենք, մի սեփականաշնորհված մանկապարտեզ Երևանի քաղաքապետարանը հետ է վերցրել և վերադարձրել է համայնքին: Երկրորդ օրինակը․ նրա ընտանիքին պատկանող մի շինարարության կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը շատ խոշոր տուգանք է գրել: Եվ Օպերայի շրջակայքում նույն մարդը ուներ սրճարան, որը ապամոնտաժված սրճարանների թվում է»:

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրեց․ - «Մենք խնդիր տեսնում ենք քաղաքական առումով: Դուք խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ չէ: Որովհետև տպավորություն է ստեղծվում, որ խնդիր էինք տեսնում նախորդ իշխանության օրոք, հիմա խնդիր չենք տեսնում այլևս, որովհետև խնդիր ուզում ենք չտեսնել: Էս առումով ուզում եմ հասկանալ՝ հիմա կոռուպցիա՞ ա, թե՞ կոռուպցիա չի»:

Վարչապետի արձագանքը․ - «Իրոք հավատո՞ւմ եք, որ ինչ-որ արտոնության դիմաց ինչ-որ բան ա վերցվել: Չի կարող լինել էդպիսի բան: Եթե էդպիսի բան լինի, այդպես վարված մարդիկ կենթարկվեն պատասխանատվության»:

Փաշինյանը ևս մեկ աղմկահարույց թեմայի անդրադարձավ՝ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու կառավարության առաջարկին: Ըստ այդմ, եթե դատավորները մինչև 2020-ի հունվարի 31-ը կամավոր հեռանան պաշտոնից, ապա կպահպանեն և իրենց աշխատավարձը և հավելավճարները:

Արձագանքելով հնչող քննադատությանը, թե անցանկալի դատավորներից ազատվելու համար չարժե ժողովրդի գրպանից նրանց աշխատավարձ վճարել՝ Փաշինյանն ասաց, որ եթե ճգնաժամը չհանգուցալուծեն, միևնույն է, հարկատուները այդ գումարը վճարելու են․ - «Այսինքն, ոչ մի տարբերություն չկա: Հիմա, ենթադրենք, էդ մարդիկ վաղաժամ թոշակի չեն գնում, Ճշգրիտ նույն գումարը էլի վճարելու ենք, և միևնույն ժամանակ չենք ունենալու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան: Մենք էդ գումարը, միևնույն ա, էսպես թե էնպես տանելու ենք: Ասում ենք՝ ոչ այնքան հաճելին, այնուամենայնիվ, համատեղենք օգտակարի հետ»: