Փաշինյանը կարևորել է արցախյան ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ստեփանակերտ, 1-ը դեկտեմբերի, 2019թ.

Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի գալիք նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած գործիչների հետ Ստեփանակերտում երեկ կայացած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է արցախյան նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Ներկա է եղել նաև ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։

Թե՛ այդ հանդիպմանը, թե՛ դրան նախորդած՝ Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան երկկողմ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպմանը, առկա քաղաքական իրավիճակին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Այսօր «Ազատության» հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծիք հայտնեց, որ նման հանդիպմամբ պաշտոնական Երևանն ընդգծում է, թե որքան կարևոր է ժողովրդավարական ընտրությունների անցկացումն Արցախում։

«Երևանը փաստացի գծել է այն սահմանը, պայքարի այն շրջանակը, որում տեսնում է Արցախի նախագահի ընտրությունը և սահմանել գերակա խնդիրը, այն է՝ ընտրական գործընթացի սահուն, իրավական ընթացք։ Կա երեք հայտնի թեկնածուներից, որոնք մասնակցել են հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանի համար առավել նախընտրելի, թե ոչ, այստեղ մի քիչ դժվար է ասել, բայց հատկանշական է, որ հենց շրջանակն է գծվել և մշակվել, կամ այսպես ասած՝ «պայմանավորվել են խաղի կանոնները»։ Հայտնվեց աջակցություն Արցախի իշխանությանը, եթե այդ իշխանությունը հենց այդ խաղի կանոններին հավատարիմ ապահովում է գործընթացը, և ազատ ընտրության երաշխիքը, երաշխիք, որը Նիկոլ Փաշինյանը տվել էր դեռևս օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում», - նկատեց Բադալյանը։

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2020 թվականի գարնանը՝ մարտի վերջին, ապրիլի սկզբին։

«Նախորդ տարիներին ոչ այնքան իշխանության ներկայացուցիչն էր հաղթում՝ նկատի ունենալով Արցախի իշխանությունը, այլ Հայաստանի իշխանության ներկայացուցիչն էր հաղթում, այսինքն՝ Արցախի նախագահի ով լինելը որոշվում էր Երևանում, իհարկե որոշվում էր նաև Հայաստանում իշխող համակարգի արցախյան շրջանակի հետ պայմանավորվածությունների համատեքստում, բայց այդուհանդերձ որոշվում էր Երևանում։ Հիմա դրված են բոլորովին այլ նշաձողեր. դա ազատ ընտրության երաշխիքն է», - ասաց Բադալյանը։

Սեպտեմբերին Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, և Հայաստանի կառավարությունը 33.6 միլիոն դրամ հատկացրեց երկու կազմակերպությունների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորմանն» ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյան խոսքով՝ Արցախում պետք է ամրապնդել ազատ ու արդար ընտրությունների մշակույթը. - «Պետք է լինեն արդար, թափանցիկ ընտրություններ, դրանում որևէ կասկած չկա։ Եթե չենք փորձում տողատակեր փնտրել, շատ ճիշտ մեսիջ է։ Պետք է լինեն նորմալ ընտրություններ, այդ մշակույթը և՛ Հայաստանում, և՛ Արցախում պետք է մտցվի», - շեշտեց նա։

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյան

Այսօր «Ազատության» հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հայտնեց՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով նույնպես հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, չի հրավիրվել երեկվա հանդիպմանը։

«Չի հրավիրվել։ Նման մոտեցման պատճառն այն է, որ այս տարվա մայիսին 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի սիրելի հայրենակիցներն իմանան, որ վարչապետն ու նրան սատարող, աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ», - հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը։

«Ազատությունն» այսօր փորձեց ստանալ Վիտալի Բալասանյանի կարծիքը, սակայն նա չպատասխանեց հեռախոսազանգերին։

Ըստ Հակոբ Բադալյանի, Վիտալի Բալասանյանի վերջին ամիսների գործունեությունը իրեն լուսանցքից դուրս է դրել. - «Առանցքայինն այն է, որ Բալասանյանն ինքը հայտարարել է խաղ, այսպես, մարտ առանց կանոնների տրամաբանությամբ։ Մենք տեսնում ենք նրա հրապարակային հայտարարությունները՝ ոչ միայն քննադատություն պարունակող Հայաստանի իշխանության հասցեին, այլ իռացիոնալ դավադրապաշտության ինչ-որ մի ծիրի մեջ, և այստեղ, կարծում եմ, Բալասանյանն առաջին հերթին ինքն է իրեն դուրս դրել խաղի էն հասկանալի կանոններից, որ կարող է քաղաքական մրցակցության մեջ։

Խոսքն այն մասին չէ, որ չպետք է քննադատել Հայաստանի իշխանությանը, այլ այդ ամեն ինչը պետք է տրամաբանություն պարունակի, իսկ Բալասանյանի հայտարարությունները, իմ գնահատմամբ, վաղուց դուրս են եկել այդ շրջանակից, քաղաքական բովանդակության առումով նկատի ունեմ», - եզրափակեց Հակոբ Բադալյանը։