Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանն առաջադրվել է նախագահի թեկնածու: Նրա գլխավորած «Արցախի ժողովրդավարական» կուսակցության վեցերորդ համագումարի ընթացքում միաձայն որոշվեց Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել Ղուլյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
«Սա չի լինելու ընտրություն ուղղակի կուսակցությունների կամ անձերի միջև, ոչ էլ այս կամ այն քաղաքական գծի: Սա լինելու է առավել խորիմաստ ընտրություն, հասկանալու համար՝ ով ենք մենք՝ որպես հասարակություն և մեզանից յուրաքանչյուրը՝ որպես անհատականություն», - աղբյուրի փոխանցմամբ հայտարարել է Աշոտ Ղուլյանը:
54-ամյա Ղուլյանը Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ է 2005 թվականից: Այդ պաշտոնը նրան է վստահվել երեք գումարում անընդմեջ: Մինչ այդ աշխատել է որպես արտաքին գործերի, ապա կրթության, մշակույթի և սպորտի նախարար։
2020 թվականի գարնանը Լեռնային Ղարաբաղում նախատեսված նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը առաջադրելու մասին են հայտարարել նաև Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, երկրորդ անգամ այդ պաշտոնի համար ցանկանում է պայքարել նաև նախկին բարձրաստիճան զինվորական Վիտալի Բալասանյանը: