Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ժեենբեկովը հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է․ - «ՀԱՊԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք միասնական ջանքերով դիմագրավելու բոլոր հնարավոր մարտահրավերներին, ինչպես նաև զարգացնելու հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ»:
Փաշինյանը նշել է, որ երկկողմ քաղաքական հարաբերություններն ունեն երկար տարիների պատմություն, ու կառավարությունները պետք է քայլեր ձեռնարկեն զարգացնելու նաև տնտեսական համագործակցությունը: «Մենք ունենք հնարավորություն նոր թափ հաղորդելու առևտրատնտեսական կապերին, դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: 21-րդ դարում աշխարհագրական հեռավորությունը խնդիր չէ, պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանմանը», - ասել է Հայաստանի վարչապետը:
Անդրադառնալով Ղրղըզստանում առկա ներքաղաքական վիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է իրավիճակի կայունացման ու կարգավորման կապակցությամբ:
«Մենք սերտորեն համագործակցում ենք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակում, ինչը ստեղծում է լավ հնարավորություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության համար», - հայտարարել է Հայաստանի վարչապետըը
Առանձնազրույցի ընթացքում Փաշինյանը և Ժեենբեկովը քննարկել են հայ-ղրղըզական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, կարևորել տնտեսական փոխգործակցության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը, գործարար կապերի ընդլայնումը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության վերաբերյալ:
Հայաստանի կառավարության ղեկավարը Բիշքեկում է ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: