Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման և այլ ընթացակարգերի փոփոխությունների որոշումներն ընդունվել են


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ լրատվականի

Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնակիցները հավանության են արժանացրել ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին, ՀԱՊԿ ՀԱԽ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին և ՀԱՊԿ մարմինների ընթացակարգի կանոններում փոփոխություններ կատարելու մասին ՀԱՊԿ ՀԱԽ որոշումները: ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին ՀԱԽ որոշումը մանավորապես վերաբերում է ՀԱՊԿ ԳՔ նշանակման, վերջինիս լիազորությունների վաղաժամ դադերացման ընթացակարգերի հստակեցմանը։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել Սիրիայում ստեղծված իրավիճակին։

«Հայաստանը շարունակելու է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ հետագա բարելավման և ամրապնդման, ինչպես նաև կառույցի միջազգային հեղինակության բարձրացման և արդի իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերին»,- նշել է Մնացականյանը:

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների առկայության պայմաններում առավել քան արդիական է մնում ռազմատենչ և ատելության հռետորաբանությունից, անվերահսկելի սպառազինությունների մրցավազքից հրաժարվելու, ինչպես նաև հակամարտության շփման գծում լարվածության թուլացման համար հավելյալ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը։

Նախարար Մնացականյանը կարևորել է միջազգային բոլոր հարթակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից ԼՂ հիմնախնդրի առնչությամբ համաձայնեցված մոտեցումների պահպանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG