Գիտությունների ազգային ակադեմիան կարող է կորցնել պետական կարգավիճակը

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը կհրապարակվի երկուշաբթի, բայց մինչև այդ էլ այն հասցրել է աղմկոտ քննարկումների առիթ դառնալ:

Այժմ էլ Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման մասին է խոսվում: Ակադեմիական ինստիտուտները նախագծին ծանոթացել են և տեսակետները մեկտեղել ակադեմիայում։

«Դեմ են բոլոր 34 ինստիտուտները», - ասում է Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: - «Նախագծում կա մի հոդված, որտեղ գրված է, թե ինչ բան է Գիտությունների ազգային ակադեմիան: Գրված է բառացիորեն հետևյալը․ Գիտիությունների ազգային ակադեմիան իրենից ներկայացնում է բարձրագույն կոչում ունեցող գիտնականների միավորում, որը գիտության բնագավառում պետական քաղաքականություն վարող կազմակերպություններին տալիս է խորհրդատվություններ: Վերջ»:

«Ըստ այդ նախագծի, մենք դադարում ենք հատուկ կարգավիճակ ունեցող պետական մարմին լինել, դառնալու ենք հասարակական կազմակերպություն», - դժգոհ հավելեց ԳԱԱ նախագահը: - «Հասարակական կազմակերպությունը ոչ մի բան, ոչ կառույց ունի, ոչինչ չունի: Հասարակական կազմակերպությունը․․․ անդամներ, ասենք թե ԴՈՍԱԱՖ-ի անդամներ․․․»

«Այն, ինչը պարոն Մարտիրոսյանը ՀԿ է անվանում, դա հանրային, հասարակական միավորում է գիտնականների: Դա կառույց չէ պետական», - պարզաբանեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական
Սամվել Կարաբեկյանը:

Նախարարի խորհրդականը նախ շեշտեց, որ ժամանակակից աշխարհում գիտությունն ու բարձրագույն կրթությունն անբաժանելի են, իսկ մեզ մոտ բուհական հատվածում գիտական հետազոտական մասը կաղում է․ - «Զուտ գնում է դասավանդում, որը այդ աստիճանի հիմնված չէ կատարվող հետազոտության վերջին նվաճումների կամ արդյունքներ վրա»:

Ակադեմիայի նախագահը համաձայն է, որ բուհերում նոր գիտելիք չի ստեղծվում, բայց շեշտում է, որ ակադեմիական հաստատություններից 600 գիտնական այնտեղ դասավանդում է: Թող նախարարությունը մտածի բուհերի հնացած ծրագրերը թարմացնելու մասին:

Իսկ նախարարությունը այս նոր նախագծով այլ բան է առաջարկում՝ գիտական կազմակերպություններ, որ կմիանան բուհերին, և կազմակերպություններ, որ կարող են գործել անկախ, առանձին կամ միավորվել մեկ ցանցում:

Նոր նախագիծը լռում է ակադեմիական նախագահության, բաժանմունքների, այսինքն՝ կառավարող մարմնի մասին: Սա, ըստ Ռադիկ Մարտիրոսյանի, նշանակում է քանդել ակադեմիան․ - «Նորմալ աշխատող կառույցը քանդում ենք, տանում ենք մի տեղ, և հայտնի չի ինչ է լինելու արդյունքում: Արդեն կան օրինակները ուրիշ երկների, որտեղ նման բաներ արել են և հիմա խփում են իրենց գլուխներին»:

Նախարարի խորհրդականը համաձայն չէ: Կարաբեկյանն ասում է, որ ինստիտուտները չեն վերանում, չեն լուծարվում, բուհերին կարող են միավորվել, կարող են և չմիավորվել: Ասաց, թե իր հետ զրույցներում շատ տնօրեններ ողջունել են նախագիծը․ - «Շատ էլ լավ հասկանում են, որ սա ճիշտ ճանապարհ է, որ իրենք բավարար ինքնավարություն չունեն: Ցանկացած որոշում, որը իրենց գիտխորհրդում ընդունում են, պետք է հաստատվի համապատասխան մարմնում՝ նախագահությունում, բաժանմունքում: Ընդ որում, ոչ ոք չի կարող ասել, թե ինչու»:

«Ակադեմիան այսօր իր կառուցվածքով ժամանակավրեպ է, ոչ արդյունավետ», - ասում է Կարաբեկյանը: Նա համոզված է, որ ակադեմիական տագնապները կապված են վարչական լծակները կորցնելու հեռանկարի հետ:

Ակադեմիայում վիրավորված են: Նախագահ Մարտիրոսյանը շեշտում է, որ չնչին գումարներով մեր գիտնականնները բարձր արդյունքներ են արձանագրում, Հայաստանը վարկանշային տեղերում է և եթե հետ է մնում, ապա միայն գիտության ֆինանսավորման սանդղակում։

Մարտիրոսյանը շեշտում է, որ ռեֆորմին դեմ չէ, բայց՝ ոչ ակադեմիայի կարգավիճակի հաշվին․ - «Մեր համակարգում և բուհական համակարգում այնպիսի փոփոխություններ, որոնք միտված լինեն ընդհանրապես գիտության զարգացմանը, այդ թվում նաև բուհական համակարգի զարգացմանը: Մենք այսօր էլ դա անում ենք»:

Մաթեմատիկակական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանին վշտացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը Վենետիկում։

«Ցավոք սրտի Հայաստանում շատ մեծ չափով, ոչ ամբողջությամբ, գիտական գործունեություն վարելը նշանակել է գնալ ամեն առավոտ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, սուրճ խմել օրվա առաջին կեսը և վերադառնալ տուն»« - ասել էր վարչապետը:

Լենսեր Աղալովյան․ - «Նաև սուրճ եմ խմում, ինչի՞ չպիտի խմեմ: Բայց դրա հետ միասին, գրում եմ գիրք»:

Աղալովյանն էլ դեմ է նոր նախագծին․ - «Ակադեմիան այն կազմակերպությունն է, որը հետևում է բոլոր այդ ինստիտուտների միանվագ գործունեությանը»:

Հարցին՝ Ձեզ, որպես գիտնականի, խանգարելո՞ւ է ակադեմիայի վերակազմավորումը, ակադեմիկոսն արձագանքեց՝ անմիջապես է խանգարելու։