«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերի հայեցողությանը թողնելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությանը դեմ մասնագետները երեկ երեկոյան առաջին հանդիպում-քննարկումն ունեցան նախարար Արայիկ Հարությունյանի հետ։
Դեռ նախորդ շաբաթ մասնագետները պահանջում էին հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ՝ քննարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Բուհերում դասավանդողները պահանջում են հետ կանչել նախագիծը, որը, ըստ նրանց, բազմաթիվ կետերով խնդրահարույց է։
Ավելի քան երկու ժամ տևած քննարկմանը Հարությունյանը, դիմելով դասախոսներին, ասաց. - «Հարգելի գործընկերներ, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, համոզեք, որ իրենց ֆակուլտետներում անհրաժեշտ է, որպեսզի անցնեն հայերեն և պատմություն, մի եկեք նախարարին համոզեք, որ դա անհրաժեշտ է անցնել: Որովհետև եթե ձեր ֆակուլտետներում ձեր գործընկերների՝ ոչ մասնագիտական, ոչ հայագիտական ֆակուլտետներում, դուք ակադեմիական միջավայրում եք, դուք, ինչպես ամենասկզբից նշեցիք, մտավորականներով եկել եք ձեր մտահոգությունները հայտնելու, և եթե նախարարությունում չկան մտավորականներ, պետք է ձեր մտավորական գործընկերներին ձեր բուհերում համոզեք»:
Երևանի Պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ միևնույն է, իրենք շարունակում են մնալ այն կարծիքին, որ հայոց լեզվի ուսուցումը պետք է իրավունքի ուժով ամրապնդվի նոր օրենքում, քանի դեռ ավագ դպրոցներում իրավիճակ չի փոխվել: «Այս քայլերը, որոնք նախատեսում են բուհում էական փոփոխություններ կատարելու, պետք է նախ ուղղված լինեին հանրակրթությանը», - նշեց Ավետիսյանը:
Օրենսդրական առաջարկը մտահոգել է նաև մի խումբ ուսանողների։ Անցած շաբաթվանից Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում ՀՅ Դաշնակցության երիտթևի ներկայացուցիչները, որոնց միացել են նաև Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները։ Իսկ թե արդյոք պատրաստվում է նաև նրանց հետ հանդիպել, նախարարը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց․ - «Մենք բոլորի հետ պատրաստ ենք խոսելու»։
Ի դեպ, նախքան դասախոսների հետ հանդիպումը Արայիկ Հարությունյանը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նախարարը տեղեկացրել է, որ օրինագծով նախատեսվում է նաև բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, առկա և հեռակա ուսուցման համակարգի փոխարինում լրիվ կամ մասնակի բեռնվածության համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդրում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում կրթական համակարգում լուրջ խնդիրներ կան: «Մենք ոչ միայն պետք է խնդիր դնենք համակարգը բարեփոխել, այլև համակարգը պետք է բարեփոխենք այնպես, որ ոչ միայն մեր հետագա բնականոն զարգացումն ապահովվի, այլև հնարավորինս կրճատենք բաց թողնված ժամկետը, որովհետև մինչ մենք այս ընթացքում կանգնել-մնացել ենք նույն տեղում, մեղմ ասած, այդ ընթացքում կրթական ոլորտում գլոբալ առումով շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և մենք պետք է այլ ճանապարհներ ընտրենք այդ բաց թողնված ժամանակն ու բովանդակությունը լրացնելու համար», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: