Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հարցազրույց է տվել Fox News հեռուստաընկերությանը` անդրադառնալով Կոնգրեսում մեկնարկած իմպիչմենթի գործընթացին:
Հարցազրույցի ընթացքում Թրամփը պաշտպանել է իր փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին, որը, լսումների մի շարք մասնակիցների պնդմամբ, վերջին ամիսներին զբաղված էր Կիևի և Վաշինգտոնի հարաբերությունները համակարգելով:
«Ջուլիանին հանցավորության դեմ պայքարի առաջամարտիկի համբավ ունի: Այդ իսկ պատճառով էլ ես ցանկանում էի, որ նա լծվեր Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարին», - ասել է Թրամփը Fox News-ին տված հեռախոսային հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Ջուլիանիի երկու պահանջներից առանցքայինը թերևս ուկրաինական «Բուրիսմա» ընկերության գործողությունների հետաքննությունն էր: ԱՄՆ նախկին փոխնախագահ և 2020 թվականի ընտրություններում Թրամփի ամենահավանական մրցակից Ջոզեֆ Բայդենի որդին` Հանթերը մի քանի տարի շարունակ «Բուրիսմա»-ի տնօրենների խորհրդի անդամ էր:
Թրամփի թիմակիցների համոզմամբ՝ Բայդենի և նրա որդու համագործակցությունը ուկրաինական իշխանությունների հետ հիմնված էր կոռուպցիոն սխեմաների վրա: Դեմոկրատները, սակայն, վստահ են` Դոնալդ Թրամփի նպատակը ուկրաինացիների ձեռքով Բայդենի դիրքերի թուլացումն էր:
Նշենք, որ Ուկրաինայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, այժմ գործերի հավատարմատար Ուիլյամ Թեյլորն ու փոխպետքարտուղար Ջորջ Քենթը, ըստ հրապարակված սղագրությունների, մասնավորապես պնդել էին, թե Սպիտակ տան ղեկավարը փորձել է Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը, ինչպես նաև նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպումն օգտագործել իր քաղաքական շահերի, այդ թվում՝ առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատական ճամբարի հավանական թեկնածու Ջո Բայդենին վարկաբեկելու համար: