Ներկայացուցիչների տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հարցով նոյեմբերի 19-ի լսումներին ցուցմունքներ են տվել, կոնգրեսականների հարցերին են պատասխանել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախկին հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը և Ազգային անվտանգության խորհրդի նախկին բարձրաստիճան աշխատակից Թիմ Մորիսոնը:
Վոլքերը տարանջատել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի հետ կապվող ուկրաինական «Բուրիսմա գրուփ» էներգետիկ ընկերության գործի հետաքննությունը Բայդենների հետաքնությունից:
Ուկրաինական ընկերության կոռուպցիայի հետաքննությունը նա համարել է ոչ առանձնահատուկ գործ. Բուրիսման կոռուպցիոն պատմություն է ունեցել, այնինչ Բայդենների նկատմամբ հետաքննությունը նա գնահատել է անընդունելի:
Նա դավադրության տեսություն է համարել, թե Բայդենը փոխնախագահի պաշտոնում կարող էր կոռումպացված գործարքների գնալ Ուկրաինայի հետ: Քուրթ Վոլքերը պատմել է իր և Ռուդի Ջուլիանիի միջև հուլիսի 19-ին կայացած հանդիպման մասին: Այդ հանդիպմանն ինքը հերքել է Ջուլիանիի բարձրացրած հարցը, թե փոխնախագահ Բայդենը կարող էր օգտագործել ազդեցությունը որդու բիզնեսի համար Ուկրաինայում։
«Ես փոխնախագահ Բայդենին գիտեմ 24 տարի: Նա ազնիվ մարդ է, և ես մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ»,- ասել է նա:
Վոլքերին հարցել են նաև Ուկրաինային ռազմական նպատակներով տրամադրվող 400 միլոն դոլարը սառեցնելու որոշման մասին, որը Թրամփն ընդունել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի նախաշեմին: Վոլքերն ասել է, թե դեմ է եղել ռազմական օգնության ցանկացած հետաձգմանը:
Քուրթ Վոլքերը նաև պատմել է հուլիսի 10-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ամերիկացի ու ուկրաինացի պաշտոնյաների մի հանդիպման մասին, որը անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը նախատեսվածից շուտ ավարտել է այն բանից հետո, երբ Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդը հետաքննությունների մասին ընդհանուր մեկնաբանություններում ասել է, թե «մենք բոլորս դա համարել ենք ոչ տեղին»:
Ազգային անվտանգության խորհրդի նախկին բարձրաստիճան աշխատակից Թիմ Մորիսոնը երեկվա լսումներում ասել է, թե Թրամփ-Զելենսկի հեռախոսացույցում որևէ անօրինականություն չի տեսնում: Այնուամենայնիվ, նա փորձել է սահմանափակել հեռախոսազրույցի սղագրության հասանելիությունը՝ մտահոգություն ունենալով, որ դրա բացահայտումը կարող է դեր խաղալ Վաշինգտոնի քաղաքական մթնոլորտի վրա:
Ուկրաինական ընկերության ու Բայդենների հետաքննության հարցին երեկ կարճ արձագանքել է Ուկրաիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Կիևում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո, երբ լրագրողններն այդ թեմայով հարց են տվել, Զելեսնկին ասել է. - «Կներեք, կարծում եմ՝ Բուրիսմայի մասին Ուկրաինայում բոլորը հոգնել են: Մենք մեր երկիրն ունենք, մեր անկախությունը, մեր խնդիրները»:
Լսումների նպատակն է պարզել, թե արդյոք հուլիսի 25-ին ԱՄՆ-ի ու Ուկրաինայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցում Թրամփը փորձել է օգտագործել պաշտոնեական դիրքը իր քաղաքական նպատակների համար՝ ճնշում գործադելու Զելենսկիի վրա ԱՄՆ-ի նախագահական առաջիկա ընտրություններում իր հավական թեկնածու Բայդենի դեմ հետաքննություն սկսելու համար, արդյո՞ք հիմքեր կան Թրամփին իմպիչմենթ հայտարարելու համար:
Այսօրվա լսումներին մասնակցելու է առանցքային վկաներից մեկը՝ ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպանը։