Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, եթե քրդական ստորաբաժանումները դուրս չգան թուրք-սիրիական սահմանից: Նման հայտարարություն է երեկ արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Պաշտոնական Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Միացյալ Նահանգները և Ռուսաստանը չեն ձեռնարկել անհրաժեշտ քայլերը», - ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ եթե քրդերը դուրս չգան բուֆերային գոտուց, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողությունները:
Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը մեջբերում է Yeni Safaq թերթը:
Չավուշօղլուն շեշտել է, թե Անկարան անպայման պետք է ազատվի ահաբեկչության սպառնալիքից:
Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսելու մասին: Անկարան պնդում է, թե այդ գործողությունների նպատակն էր ստեղծել բուֆերային գոտի, որը պետք է դառնա պաշտպանական գոտի Թուրքիայի սահմանի համար: Ըստ Անկարայի հայտարարված ծրագրի՝ սիրիացի փախստականները կկարողանան վերադառնալ Թուրքիայից հենց այդ գոտի:
Սիրիան Թուրքիայի այս գործողությունները որակել է ագրեսիա, միջազգային հանրությունը դատապարտել է դրանք:
Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալով՝ Թուրքիան դադարեցրել է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, որպեսզի քրդերը կարողանան դուրս բերել իրենց կազմավորումները սահմանին գտնվող 30-կիլոմետրանոց բուֆերային գոտուց:
Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը Սոչիում անցկացրեցին 6-ժամանոց բանակցություններ, որոնցից հետո ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են այդ 30-կիլոմետրանոց բուֆերային գոտու համատեղ վերահսկողության մասին, ռուսներն ու թուրքերը նույնիսկ միասին պարեկություն են իրականացնում թուրք - սիրիական սահմանին:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, թե քրդական ստորաբաժանումներն արդեն դուրս են բերվել բուֆերային գոտուց:
Չավուշօղլուն, սակայն, երեկ հայտարարել է, որ այդպես չէ, և եթե քրդերը դուրս չգան, իրենք կվերսկսեն ռազմական գործողությունները: