Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, Էրդողանն ու Պուտինը քննարկել են հիմնականում Սիրիայում ստեղծված իրավիճակը:

«Ընդգծվել է Սիրիայի հյուսիսում կայունություն հաստատելու շուրջ համաձայնեցված քայլեր ձեռնարկելու կարևորությունը», - հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Անցած ամիս Անկարան ռազմական գործողություն էր սկսել Սիրիայի հյուսիսում`քրդական զորամիավորումների դեմ, որոնց համարում է ահաբեկչական խմբավորում: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջամտությունից հետո, սակայն, ռազմական գործողությունն ընդհատվել էր, Մոսկվան և Անկարան համաձայնել էին համատեղ պարեկություն իրականացնել այդ տարածքում`քրդական ուժերի դուրսբերումից հետո:

Չնայած հրադադարի մասին այդ խոստումներին, ըստ սիրիացի իրավապաշտպանների, նախօրեին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև կրկին կատաղի մարտեր են սկսվել` թուրքական բանակը ռմբակոծել է Սիրիայի հյուսիսում ընկած տարածքները: Սիրիայի պետական լրատվամիջոցներն իրենց հերթին հաղորդում են սեփական բանակի և թուրքական զինուժի միջև բախումների մասին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան դուրս չի գա Սիրիայից, քանի դեռ մյուս երկրները դուրս չեն բերել իրենց զորքերը։

XS
SM
MD
LG