Կոնգրեսում կայացան Թրամփի իմփիչմենթի հարցով առաջին հրապարակային լսումները

ԱՄՆ - Դիվանագետներ Ջորջ Քենթը և Ուիլյամ Թեյլորը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, Վաշինգտոն, 13-ը նոյեմբերի, 2019թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացում Ներկայացուցիչների տանը երեկ կայացած առաջին հրապարակային լսումներին Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն ասել է, թե ցուցմունքներ տալու համար հրավիրել է Ուկրաինայում Ամերիկայի դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյայի, ով կարևոր վկա է նախագահի լիազորությունները Թրամփի կողմից չարաշահելը ապացուցելու համար:

Ամերիկյան առաջատար հեռուստաալիքներով ուղիղ հեռարձակված լսումներում կոնգրեսականների հարցերին պատասխանել են պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը և Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ուիլյամ Թեյլորը:

Թեյլորն ասել է, որ Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդը զանգահարել է Թրամփին ու պատմել Կիևում իր ունեցած հանդիպումների մասին:

«Իմ աշխատակիցներից մեկը լսել է, որ նախագահ Թրամփը դեսպան Սոնդլանդին հարցրել է [Բայդենի որդու դեմ] հետաքննության մասին, և որ Սոնդլադն ասել է, թե Ուկրաինան պատրաստ է առաջ շարժվել: Հեռախոսազրույցից հետո իմ աշխատակիցը հարցրել է Սոնդլանդին, թե Թրամփը ինչ է մտածում Ուկրաինայի մասին, վերջինս պատասխանել է, թե նախագահն ավելի շատ հետաքրքրված է Բայդենի նկատամբ հետաքննությամբ, որն առաջ է մղում է Ջուլիանին», - փոխանցել է Ուիլյամ Թեյլորը:

Ըստ դեսպանի՝ Թրամփի թիմակիցները Ուկրաինայի նախագահից պահանջել են պաշտոնապես հայտարարել հետաքննություն սկսելու մասին:

Հետախուզության հարցերով հանձնաժողովի հանրապետական անդամ Դևին Նունյեսը դեմոկրատներին մեղադրել է նախագահ Թրամփին վարկաբեկելու փորձերի մեջ: «Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, դեմոկրատների բեմականացրած հեռուստաշոու է», - ասել նա:

Հանրապետականները պնդում են, որ լսումներում հնչող ցուցմունքներն ուրիշներից լսած լուրեր են:

Թրամփը Թվիթերի իր էջում գրել է, որ չի դիտել հեռարձակվող լսումները՝ դրանք համարելով խաբեություն: Իսկ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում Միացյալ Նահանգների նախագահը կրկնել է իր անվանդական դարձած խոսքերը, որ դա «վհուկների որս է»: