Խորհրդի անդամներին ուղղված նամակում 73-ամյա Մանուկյանը գրել է, որ անիմաստ է համարում իր գործունեությունը ստեղված պայմաններում։
Մասնավորապես, որպես իր որոշման պատճառ Հանրային խորհուրդը 2009 թվականից ղեկավարող Մանուկյանը մատնանշել է ներկայիս իշխանությունների քաղաքականությունը․ - «Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել»:
Մանուկյանի կարծիքով, նման պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ «հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը», և այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը, ըստ նրա, կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը։
Նա նամակում դժգոհել էր, թե մի քանի անգամ փորձել է հանդիպել վարչապետին՝ գործակցության եզրեր գտնելու համար և թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը, սակայն ապարդյուն։
Հանրայաին խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյան․ - «Որովհետև այդ կառույցը իրեն պատկերացնում է որպես կառավարությանը ընդդիմախոս: Ներեցեք, սա իշխանության ճյուղ չէ, սա Ազգային ժողովը չէ, որպեսզի ինքը հակակշիռ լինի գործադիրին: Եթե անգամ ընդունենք, որ կարող է լինել Հանրային խորհրդում բազմակարծություն և պետք է լինի բազմակարծություն, այնուամենայնիվ այդ կառույցի սահմանադրական առաքելություն չէ կառավարությանը դեմ գործելը»:
Սաֆարյանի խոսքով, անխուսափելի էր Մանուկյանի հրաժարականը, քանի որ Հանրային խորհուրդը վերջին շրջանում կառավարությանը խորհրդատվություն տալու փոխարեն ընդդիմադիրի կեծվածք էր բռնել, ինչը հակասում է խորհրդի գործառույթներին․ - «Պարոն վարչապետը հայտարարել է, որ ինքը պատրաստ է բավականին հաճախակի հանդիպել Հանրային խորհրդի հետ: Հարց է ծագում՝ ի՞նչ հանդիպի կառավարությունը և վարչապետը Հանրային խորհրդի նախագահի կամ Հանրային խորհրդի հետ, եթե այդ խորհուրդը, որը իրեն խորհրդատու խորհուրդ է, հրաժարվում է կատարել իր առաքելությունը»:
Նոյեմբերի 7-ի նիստին Հանրային խորհուրդը հրաժարվեց քննարկել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Պատճառաբանության այն էր, թե հայտնի չէ նոր իշխանություններն ինչ տարբերակի շուրջ են բանակցություններ իրականացնում։
Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը ևս համակարծիք է Վազգեն Մանուկյանի հետ՝ կառավարությունը հրաժարվել է գործակցել իրենց հետ:
Ալավերդյանի համար ընդունելի չէ Մանուկյանի քայլը․ - «Կարծես թե ստեղծվում են այնպիսի պայմաններ, որ արդյունավետ աշխատանք չլինի: Ես բոլոր դեպքերում գտնում եմ, որ պետք է շարունակել աշխատանքը: Իսկ երկրորդը, ես կարծում եմ, որ եթե դա անգամ բերի այնպիսի իրավիճակի, որ Հանրային խորհուրդը ամեն ինչում համաձայնի նոր իշխանությունների հետ, դա օգուտ չի բերելու, դա էլի անարդյունավետ է լինելու»:
Ալավերդյանը համամիտ չէ, թե Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը վերջին շրջանում քննադատում էր իշխանություններին՝ անցնելով քաղաքական դաշտ, ինչը օրենքի խախտում է:
Վերջին նիստում Վազգեն Մանուկյանը ներկայիս հայաստանյան իրողությունները համեմատել էր ստալինյան բռնաճշումների պիկը համարվող 37 թվի հետ:
Լարիսա Ալավերդյան․ - «Նա քննադատում է այն երևույթները, որոնք մենք տվյալ դեպքում ունենք այս նոր իշխանությունների՝ լինի դա քաղաքականությունը, լինի դա ռազմավարությունը: Դրանք տարբեր բաներ են: Իշխանությանը, ես համոզված եմ, Հանրային խորհուրդը, դրա բոլոր անդամները միայն ուզում են օգտակար լինել»:
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ ստացել են Վազգեն Մանուկյանի հրաժարականի դիմումը, սակայն վարաչապետը դեռ չի ստորագրել այն։
Մանուկյանը Հանրային խորհրդի պաշտոնում վերանշանակվել էր ապրիլի 4-ին՝ վարչապետ Փաշինյանի որոշմամբ։