Մատչելիության հղումներ

Արդյո՞ք տեղին են զուգահեռները 37 թվականի հետ


Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավար
Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավար

Անկախությունից ի վեր Հայաստանն ապրում է իր ամենաազատ ժամանակաշրջանը, կարծում է
«Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ տեղին չհամարելով վերջին շրջանում հնչող համեմատությունները Խորհրդային Միության 1937 թվականի հետ։

«Իրավական տեսակետից արդարադատությունը ամենաբարձր մակարդակին է հիմա գտնվում, որովհետև հսկայական վերահսկողություն կա: Նույնիսկ 90-ականների սկզբի հետ չեմ կարող համեմատել, որովհետև այն ժամանակ քաղհասարակություն չկար դեռ, քաղաքացիական վերահսկողություն չկար: Եվ այդ չափի զգացողության կորուստը, օրինակ, Վանո Սիրադեղյանի մոտ, բերեց նրան, որ ոստիկանապետություն նաև ձևավորվեց, ազատություն չկար: Բայց հիմա մենք ամենալավ շրջանն ենք ապրում, և ամենալավ այդ շրջանը արդարադատության տեսակետից, փոխանակ գնահատվի պարոն Մանուկյանի կողմից, ինքը լրիվ հակառակն է անում», - հավելեց Խուրշուդյանը:

Ժամանակից իրականության և Խորհրդային Միության քաղաքական բռնությունների գագաթնակետը համարվող 37 թվի միջև առաջին զուգահեռը տարել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ անցյալ տարվա ամռանը «Երկիր մեդիա»-ին տված հարցազրույցում։

Ապա երեկ նման զուգահեռ անցկացրեց նաև Հանրային խորհրդի նախագահ, 1996 թվականին նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ասելով․ - «Վախի մթնոլորտ կա շատ մարդկանց մոտ, որովհետև հեչ պարզ չի, թե ում մոտ կարան մտնեն, ում կարան ձերբակալեն, ում չեն կարա ձերբակալեն: Եթե սկիզբը դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա լրիվ ուրիշ տեղ են գնում էդ սլաքները: Սա ձգտում է մի ձեռքում վերցնել իշխանությունը, ու կարևոր չի նախորդները այդպիսին են եղել, թե՞ չէ: Ես կարամ քննարկեմ էդ հարցը, բայց հիմա ես տեսնում եմ, որ ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակումին: Եվ էս վտանգը բոլորի շեմին է կանգնած»:

Անցումային արդարադատությունից մինչև «Մարտի 1-ի դատավարության քաղաքականացումը» անընդունելի է Վազգեն Մանուկյանի համար: Այս մասին իր մտահոգություններն ու խորհուրդները հայտնելու համար նա զանգահարել է Նիկոլ Փաշինյանին, որը հեռախոսազանգերին չի պատասխանել։

Մանուկյանը նաև նկատել է, որ 2008-ից գործող Հանրային խորհուրդը «նույն ձևի նախորդ ժամանակ էլ դիմադրում էր, սակայն շատ անգամ այդ դիմադրությունը նկատելի չէր մամուլով, որովհետև հանդիպումներով էին այդ դիմադրությունը ցուցաբերում»:

Մանուկյանը նաև բացատրել է, թե ինչու նախկին իրշխանության գործողությունների մասին երբևէ որևէ մտահոգություն չէր հայտնում:

Խուրշուդյանն այս առնչությամբ ասաց․ - «Իրավիճակը վատթարանում էր օրեցօր մինչև հեղափոխությունը: Այսինքն իր խորհուրդները եթե լսել են ու ավելի վատ արել, նշանակում է շատ վատ խորհուրդներ է տվել: Գուցե հենց իր խորհուրդներո՞վ են ձերբակալել հարյուրավոր մարդկանց, երբ որ 13 թվականին իշխանությունը բռնազավթեցին, երբ որ 12 թվականից էր դա սկսվել՝ խորհրդարանական ընտրակեղծիքները»:

Հրանուշ Խառատյան
Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, 37 թիվը մի ժամանակշրջան էր, երբ Խորհրդային Միությունը սեփական քաղաքացիների նկատմամբ տեռոր էր իրականացնում, գնդահարում այլախոհներին, ընդդիմախոսներին, աղքատությունից ու սովից դժգոհող մարդկանց:

Խառատյանը հույս ունի, որ Վազգեն Մանուկյանը իր համեմատությունում նկատի չունի բուն 37 թիվը, այլ հիշատակում է խորհրդանշական առումով։
Այլ է իրավիճակը, երբ նախկին իշխանության ղեկին կանգնած մարդիկ են նման համեմատություն անում։

Ըստ Խառատյանի, երկրորդ պարագայում նրանք հավանաբար քաղաքական վախեր ունեն ու չեն մոռացել, թե ժամանակին քաղաքական բռնություններ իրականացնելու ինչպիսի ազատություն ունեին․ - «Իրենց փորձը, նաև զգալի չափով բռնության փորձ է պարունակում: Բռնության տարբեր ձևերի, այդ թվում, նաև բռնության կարևորագույն մի ձևի, ինչպես իրավական ինստիտուտների կցորդայնությունը քաղաքական իշխանությանը: Հիմա տագնապում են դրա վերարտադրությունից: Գուցե նաև հիմքեր ունեն որոշ չափով տագնապելու, բայց տագնապը այդ վերարտադրությունը իրենց անձերի վրա տարածելն է: Երբեք չտեսա, որ այդ տագնապն արտահայտող մարդիկ գնահատեին իրենց ջանքերը այդ կցորդայնությունը ապահովելու»:

Մի կողմից Հանրային խորհրդի նախագահը դժգոհ է, որ իր խորհուրդներն ու մտահոգությունները կառավարության չեն հասնում, մյուս կողմից քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրության որոշ ներկայացուցիչներ դժգոհ են Հանրային խորհդրի գործունեությունից։

Հովսեփ Խուրշուդյանը նկատում է, որ Սահմանադրությամբ է ամրագրված, որ Հայաստանը պիտի ունենա Հանրային խորհուրդ, հետևաբար այդ խորհուրդը փակել անհնար է․ - «Պետք է նաև արդյունավետությունը որոշակի չափորոշիչների շրջանակում տեղավորվի: Այսինքն չպետք է լինի, ինչ որ մշակեցին՝ մշակեցին, չմշակեցին՝ ոչինչ: Տենց չի կարա լինի: Դա պետական մարմին է՝ Սահմանադրությամբ ստեղծված, պետք է լինեն չափորոշիչներ՝ ի՞նչ պրոդուկտ է տալիս: Եթե չի տալիս, ուրեմն ամբողջ կազմով ավտոմատ ինքը դուրս է մնում Հանրային խորհրդի կազմից: Նոր կադրեր են նշանակվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG